Հացաշենում ողբերգական ավտովթարից մահացածները տատ, պապ և թոռ են. մանրամասներ

Առավոտյան, երբ տեղի է ունեցել վթարը, ճանապարհը սառած է եղել, և գուցե դա էլ վթարի պատճառ է հանդիսացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղում ողբերգական ավտովթարի հետևանքով  մահացել են նույն ընտանիքի անդամները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հացաշենի համայնքի ղեկավար Վաչագան Դավթյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենայում այրվել և մահացել էին 3 մարդ։

Նրանք միայն մի բան են ուզում` գտնել իրենց որդիներին. ազդեցիկ կադրեր

«Վթարի հետևանքով մահացել են տատը, պապը և նրանց թոռնուհին։ Երեխայի մոր և քեռու կյանքը փրկվել է` մեքենայից դուրս են եկել»,–ասաց Դավթյանը։

Նա հայտնեց նաև, որ վթարի հետևանքով մահացածներն ու վիրավորներն իրենց համայնքի բնակիչներ չեն, այլ Մեծամոր քաղաքի։

Համայնքի ղեկավարը նշեց` առավոտյան, երբ տեղի է ունեցել վթարը, ճանապարհը սառած է եղել, և գուցե դա էլ վթարի պատճառ է հանդիսացել։

Հիշեցնենք, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին 68-ամյա վարորդ Իշխան Մ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և այրվել։

Ողբերգական վթարի հետևանքով մեքենայում այրվել ու մահացել են 68–ամյա վարորդը և երկու ուղևորներ՝ 65-ամյա Վարդենիկ Մ.-ն և 11-ամյա Մարգարիտ Ն․-ն։ Եվս երկու ուղևորներ՝ 38-ամյա Արմինե Մ.-ն և 17-ամյա Ժիրայր Ն.-ն, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել են Թալինի ԲԿ։