Արցախի կորստով ՀՀ–ում արշավային հայտնի ուղղությունները վտանգավոր կամ անհնար են դառնում

Արցախի մեծ մասի կորուստն ու սահմանների փոփոխությունը լուրջ վնաս են հասցնում էկոտուրիզմին։ Խոսքը ոչ միայն Արցախին է վերաբերում, այլև Հայաստանի Հանրապետությանը։
Sputnik

Այսուհետև Հայաստանում լեռնային հայտնի մի շարք արշավային ուղղություններ գրեթե անհնար կամ ծայրաստիճան վտանգավոր կարող են դառնալ։ Թեպետ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական սահմանները կարծես թե դեռ ձևավորման փուլում են, բայց տարածքներին քաջածանոթ արշավականներն արդեն ահազանգում են։

«Արմլենդ» զբոսաշրջային ընկերության հիմնադիր տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանն ասում է՝ եթե հին սովետական քարտեզն է լինելու, ապա ամբողջ Սյունիքի բարձրավանդակը, Գեղարքունիքի մարզի Արևելյանի Սևանի լեռներն ու Վարդենիսի լեռների մի մասը դառնում են սահմանամերձ գոտի, ինչպես որ Զանգեզուրում Նախիջևանի սահմաններն են։ Սրանք պարզապես աշխարհագրական անվանումներ չեն, թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի արշավականների համար սրանք պահանջված երթուղիներ էին։

«Սյունիքի բարձրավանդակն աննկարագրելի գեղեցկություն ունի, Չիլիի լեռներ է հիշեցնում՝ գունավոր քարերով։ Շատ պահանջված էր Ուղտասարը ժայռապատկերների համար, նաև բազմաթիվ գեղեցիկ լճեր կան, Ծղուկ լեռն էին բարձրանում, Թրասարը, Մեծ Իշխանասարը»,- պատմում է Արտյոմն ու նշում, որ 2-3 օր տևողությամբ լեռնային երթուղիներ էին կազմված արշավականների համար, որի ընթացքում անցնում էին Սյունյաց բարձրավանդակով։

Արցախի կորստով ՀՀ–ում արշավային հայտնի ուղղությունները վտանգավոր կամ անհնար են դառնում

Ասում է՝ արդեն իր անհանգստությունը հայտնել է և՛ Զբոսաշրջության կոմիտեի նախագահին, և՛ ԱԺ պատգամավորներից մեկին՝ խնդրելով միջնորդել, աշխատել ՊՆ-ի հետ, որպեսզի սահմանները գծվելիս գոնե 10-15 կմ բուֆերային գոտի պահպանվի։ Այդպես անվտանգություն կապահովվի ոչ միայն զբոսաշրջիկների, այլև հարակից բնակավայրերի բնակիչների համար։ Մտահոգությունը կիսել են, բայց ոչինչ խոստանալ չեն կարողացել։ Թե զբոսաշրջային ներուժի ինչպիսի կորուստ է լինում Արցախի մեծ մասի կորստով, առանձին ու շատ մեծ թեմա է։ Ընդգծում է՝ հատկապես վերջին տարիներին արցախյան լեռները միշտ ներառված էին լինում արշավականների երթուղիներում։

«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին

Վերջին ճամփորդությունը դեպի Քարվաճառ, կամ ինչ ենք թողնում թշնամուն. լուսանկարներ

«Մարդիկ, որ քարտեզները չգիտեն, չեն հասկանում, թե հող հանձնելն ինչ է նշանակում։ Ես մետրերով անցել եմ բոլոր այդ տարածքները, գիտեմ, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ թե՛ անվտանգության, թե՛ տուրիզմի, թե՛ տնտեսության առումով, դրա համար էլ Քարվաճառը ստրատեգիական դեր ունի»,- ցավով նշում է Արտյոմը։

«Մենք դեռ կվերադառնանք Շուշի». ինչով են հիմա զբաղված Արցախ գնացած հայ «գրոհայինները»

Պատմում է, որ վերջին անգամ արշավականների մեծ խմբով Արցախում էին սեպտեմբերի 20-23-ը, բարձրացել էին նաև Քիրսը՝ Արցախի խորհրդանիշ լեռը, որը նույնպես Ադրբեջանին մնաց։ Ակամա սկսում է թվարկել այն հայտնի լեռներն ու հուշարձանները, որոնք թշնամուն մնացին։ Նշում է, որ այս տարին անհաջող էր բոլոր առումներով, կորոնավիրուսի պատճառով մի շարք արշավային ամրագրումներ չեղարկվեցին կամ սառեցվեցին եկող տարվա համար, դրանք հիմնականում հենց Սյունիքի բարձրավանդակն էին ներառում։

Արցախի կորստով ՀՀ–ում արշավային հայտնի ուղղությունները վտանգավոր կամ անհնար են դառնում

«Արդեն պետք է երթուղիները փոխվեն։ Անգամ դրանից հետո չգիտեմ՝ կուզե՞ն գալ Հայաստան, որովհետև վախ կլինի մոտները, ընդհանրապես, մեր երկրին 2-3 տարի պետք է վերականգնելու համար այն, ինչ ուներ գոնե 2018 թվականին»,- ասում է Արտյոմն ու շեշտում՝ դեռ հույսը չի կորցնում, որ սահմանները սովետական քարտեզով չեն գծվելու։

Արցախի կորստով ՀՀ–ում արշավային հայտնի ուղղությունները վտանգավոր կամ անհնար են դառնում

«Թոնդրակ» զբոսաշրջային ընկերության տնօրեն Գոռ Ղազարյանը մեզ հետ զրույցի սկզբում թվարկում է այն հայտնի լեռնագագաթները, որոնք Արցախում թշնամուն են անցնում՝ Հայաձորը, Մեծ Քիրսը, Հարավային Ծարասարը (3403), Դիզափայտը, որի գագաթին է նշանավոր Կատարո վանքը, Ագռավաքարը (2469), Ծռասարը, Զոլասարը, Կուսանաց լեռը, Թոփախաչ լեռը և բազմաթիվ այլ լեռներ ու լեռնագագաթներ։

«Փոխվում է Արցախի աշխարհագրական նկարագիրը։ Նախկինում ամենաբարձր գագաթը Գոմշասարն էր, որն Արցախյան ազատամարտից հետո ստացավ Արիություն անունը։ Չնայած նրան, որ լեռը արգելված էր բարձրանալ մինչ այս, քանի որ անմիջապես հակամարտող կողմերի շփման գոտում էր, սակայն բուն լեռան գագաթը մեր զորքերի հսկողության տակ էր։ Նոր սահմանագծով այս հատվածն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանին»,- նշում է նա։

Գոռը նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետում է սովորում, նշում է՝ նոյեմբերի 10-ի պայմանագրով վտանգավոր են դառնում մի շարք ուղղություններ նաև Հայաստանի սահմաններից ներս, սակայն պատկերը որոշակիորեն կարող է փոխվել հօգուտ մեզ։ Մեկնաբանում է՝ Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումով Ադրբեջանին տրվող տարածքներում ներառված չեն եղել մի շարք կարևոր տարածքներ, որոնք այժմ հանձնվելու են Ադրբեջանին, օրինակ` Ալ լճերը, Սև լիճը և այլն։

Արցախի կորստով ՀՀ–ում արշավային հայտնի ուղղությունները վտանգավոր կամ անհնար են դառնում

«Ջրառատ և ստրատեգիական կարևոր տարածքները 1928-38 թթ. աստիճանաբար բռնագրավել ու իրեն է կցել Ադրբեջանը՝ օգտվելով ԽՍՀՄ-ում տիրող խառնակ իրավիճակից»,- նշում է Գոռն ու պնդում՝ այս տարածքները ՀՀ-ի մաս են և չեն կարող Ադրբեջանին հանձնվել միջազգային ոչ մի օրենքով։

Արցախի կորստով ՀՀ–ում արշավային հայտնի ուղղությունները վտանգավոր կամ անհնար են դառնում

Կարծում է՝ դիվանագիտությունն այստեղ ոչ միայն անելիքներ, այլև հաջողելու շանսեր ունի։

«Ուսումնասիրողներից ոմանք տարված են կեղծ լավատեսությամբ․ կարծում են, որ Ղարաբաղյան հարցը կարելի է համարել լուծված, որն էր իր հերթին կարող է դրական ազդել լեռնագնացության վրա՝ Արցախի կարգավիճակի հարցը վերջնական կլուծվի, և, ըստ պայմանավորվածության, կբացվեն ճանապարհները, միգուցե այլևս կարիք չի լինի լեռների գագաթներում մարտական հերթապահություն իրականացնելու։ Ըստ այդ պատկերացումների՝ սահմանագծով ձգվող լեռները բաց կլինեն բոլոր կողմերից լեռնագնացների համար։ Այդ ժամանակ գուցե հնարավոր լինի բարձրանալ նաև Զանգեզուրի լեռները, որոնք մինչև Գոյամարտը տաբու էին մեզ համար։ Սակայն, իմ կարծիքով, սա պարզապես կարճատես լավատեսություն է»,- ասում է Գոռը։
Նա ընդգծում է՝ այստեղ հարցն ավելի խորն է, քան զուտ լեռնային արշավների ուղիները ։ Ցույց է տալիս 2007 թվականին Ադրբեջանի կառավարության պատվերով անգլերեն լույս տեսած պատկերազարդ մի գիրք՝ «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» և բացատրում՝ ըստ ադրբեջանցի ակադեմիկոսների` «Արևմտյան Ադրբեջան»-ի քարտեզը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ներկայիս քարտեզին։

Արցախի կորստով ՀՀ–ում արշավային հայտնի ուղղությունները վտանգավոր կամ անհնար են դառնում

«Գրքում կարող եք գտնել Հայաստանում ձեզ հայտնի բոլոր հուշարձանները՝ Սաղմոսավանք, Գառնի, Գեղարդ, Հաղարծին, Ամբերդ․․․ և այլն, որոնք ներկայացվում են իբրև ադրբեջանական ժառանգություն։ Երբ Ադրբեջանում պետական մակարդակով գործում է նման կեղծարարությունը և զեղծարարությունը, ապա ինչպե՞ս կարող է խոսք լինել բաց սահմանների կամ սահմաններ և ազգություն չճանաչող լեռների մասին։ Վերոնշյալ բոլոր տարածքներում լեռնային տուրիզմը կարող է զարգանալ միայն մի դեպքում, երբ դրանք ամբողջությամբ գտնվեն հայոց բանակի վերահսկողության տակ»,- ասում է Գոռը։

Ավելացնում է՝ այս պատերազմը սկսվել է 1918թ-ին․ Ազատամարտի ժամանակ մենք զբաղեցրեցինք նոր բնագծեր, իսկ Գոյամարտի ժամանակ վերադարձանք նախկին բնագծերին, ուստի այս պատերազմը չի ավարտվել։ Հավատում է ու վստահ է՝ հաջորդում հաղթելու ենք։

«Կհանդիպենք լեռներում»,- զրույցի վերջում հրաժեշտ է տալիս Գոռը։