ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է Սոթքի հանքի տարածքում ադրբեջանցի զինծառայողների հայտնվելու՝ մեծ աղմուկ բարձրացրած լուրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարում է, որ ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան։ Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Գնել Սանոսյանի խոսքը` Սոթքի հանքի առնչությամբ։

Քարվաճառում դարպասը ժամանակավոր էր. սահմանազատում է արվում Սոթքի հանքավայրի տարածքով. ՊՆ

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

«Ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն` հայկական ստորաբաժանումների Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ»,–ասել է Սանոսյանը։

Սոթքի հանքը կիսով չափ՝ մեր, կիսով չափ՝ ադրբեջանցիների տարածքում է. Տիրան Խաչատրյան

Նա վստահեցնում է, որ ՀՀ պետական սահմանը ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ այսօր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։

Սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Քարվաճառի շրջանի մեջ։