Եռակողմ հայտարարությունը հրադադար է ապահովել, բայց ոչ երկարատև խաղաղություն. Մարուքյան

«Լուսավոր Հայաստանի» համոզմամբ` «պարտության սիմվոլ» վարչապետը, որն այլևս Ալիևի հետ չի կարող հանդիպել, չի կարող հետամուտ լինել նաև երկարատև խաղաղություն ապահովող փաստաթուղթ ունենալուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա ՀՀ վարչապետի պաշտոնից։ Facebook-ի ուղիղ եթերի ընթացքում ներկայացնելով «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը, նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Փաշինյանի գլխավորությամբ չեմ տեսնում բանակցային գործընթաց, որտեղ մենք կհաջողենք. Մարուքյան

«Միակ ճանապարհը, որ վարչապետը հեռանում է և միաժամանակ նոր վարչապետ է ընտրվում, անվստահություն հայտնելու մեթոդն է, որտեղ ցնցումներ չեն կարող լինել` 7 օր հետո ևս 7 օր, 14 օր, որ երկիրը ղեկավար չունենա, սա այդ մեխանիզմը չէ։ Անվստահություն հայտնելու մեխանիզմն այն մեխանիզմն է, որ մեկ քվեարկությամբ գործող վարչապետը համարվում է հրաժարական տված, իսկ մյուս թեկնածուն համարվում է ընտրված»,– իրենց քաղաքական ուժի առաջարկն այսպես մեկնաբանեց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է թեկնածուին, նրա անունն առայժմ չի հայտարարվում։ Ըստ Մարուքյանի` երբ քաղաքական դաշտում այդ հարցի շուրջ կլինի կոնսենսուս, այն ժամանակ էլ ադ հարցը կքննարկվի։

Խոսելով ներկա կառաարության ու դրա ղեկավարի վարած քաղաքականության մասին` Մարուքյանը շեշտեց, որ վերջինները պարբերաբար հայտարարել են, որ ունեն փայլուն հարաբերություններ ՌԴ–ի հետ, մինչդեռ փաստերը հակառակն են վկայել։

«Ես մի օրինակ կարող եմ ասել. մեր պետական մարմինները` նախարարություններ և տարբեր գերատեսչություններ, կապ են ունեցել ռուսական իրենց համազոր գերատեսչությունների հետ։ Հեղափոխությունից հետո այդ կապը խզվել է` ինֆորմացիայի փոխանակում, շփում։ Եվ ամենաբարձր մակարդակով նույնպես այդ կապը չի պահվել։ Նաև դա է պատճառը, որ երբ պատերազմը խորը և շատ լավ նախապատրաստվել է մեր դեմ` որպես մեծ ագրեսիա, հայկական մարմինները, որոնք պետք է իրազեկված լինեին գործընկեր մարմինների կողմից, որևէ ձևով իրազեկված չեն եղել»,– ասաց Մարուքյանը։

Նրա բնորոշմամբ` «պարտության սիմվոլը փոխելուց» ու «հարաբերությունները շտկելուց» հետո Հայաստանի նոր ղեկավարը պետք է շտապ վերականգնի բանակցությունները` եռակողմ հայտարարության անորոշ դրույթների հարցով հայանպաստ լուծումների հասնելու նպատակով։

Մարուքյանը կարևորում է նաև ՄԽ համանախագահների ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնումը։
Հայտարարությունը ստորագրած վարչապետը, ըստ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի, այլևս չի կարող բանակցել Ալիևի հետ։ Իսկ հնարավոր նոր անձը դեռ հնարավորություն ունի որոշ իրողություններ վերափոխել ի նպաստ Հայաստանի, օրինակ`գերիների վերադարձի ժամկետները, Սյունիքով անցող ճանապարհի հարցը, որոնք փաստաթղթով հստակեցված չեն ու թողնված են հետագա բանակցություններին։

Ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի գյուղերի բնակիչները. Մարուքյանը հարց է ուղղել իշխանությանը

«Այս փաստաթուղթը եթե մնա այնպես, ինչպես կա, կայունություն չի կարող ապահովել։ Այն հիմա ուղղակի հրադադար է ապահովել, ինչը, այո, շատ լավ է, բայց երկարատև խաղաղության համար նոր համաձայնագիր պետք է ստորագրվի, որը մինչև ստորագրվելը պետք է բանակցվի։ Իսկ պարտության սիմվոլ վարչապետը, որն այլևս Ալիևի հետ չի կարող հանդիպել, որևէ ձևով չի կարող հետամուտ լինել նման փաստաթուղթ ունենալուն»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ընդդիմությունը պահանջում է ԱԺ-ում քննարկել եռակողմ համաձայնագիրն ու վարչապետի հրաժարականը

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից