ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Այսօր` ժամը 18։00-ին, նախանշված է ԱԺ խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։
Ինչպես նշված է ԱԺ պաշտոնական կայքում` որոշման հիմքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պագտգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման» եզրակացությունն է և ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը, որի համաձայն` պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020 թվականի հոկտեմբերի 26-ին եզրակացրել էր, որ 2020 թվականի հունիսի 24-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է մուտքագրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ–ի ընդհանուր ժողովի արձանագրությունը՝ ստորագրված Գագիկ Ծառուկյանի կողմից, որով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին։
«Ամեն ինչ կառուցվել է ստի ու ֆեյքերի վրա». Ծառուկյանը վարչապետ դառնալու ցանկություն չունի
Էլեկտրոնային գրանցամատյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր նաև, որ դեռևս 2018 թվականի հունվարի 22-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն էր ներկայացվել «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարան ՍՊԸ մասնակցի՝ 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ընկերության կանոնադրության մեջ և որոշումը դարձյալ ստորագրված է եղել Գագիկ Ծառուկյանի կողմից։
Այս հիմքերով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն 2020 թվականի հուլիսի 6-ին որոշում էր կայացրել պատգամավորական լիազորությունների անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին և այդ որոշումն ուղարկել Գագիկ Ծառուկյանին։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի լիազորույթունների դադարեցման հարցով ԱԺ խորհրդի նիստը նախապես պլանավորված էր նոյեմբերի 16-ին, բայց այն չէր կայացել ու հետաձգվել էր։