Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Սարգսյանների ընտանիքին

Ուղերձում վարչապետն անդրադարձել է Ռիտա Սարգսյանի կարևոր դերակատարմանը հատկապես առողջապահության ոլորտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է արել Ռիտա Սարգսյանի առողջական վիճակի մասին

«Որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` տիկին Սարգսյանն իր կարևոր դերակատարումն է ունեցել արյան քաղցկեղի դեմ պայքարող հայ փոքրիկներին աջակցելու գործում` նպաստելով մանկական առողջապահության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը: Նրա գործունեության արդյունքում վերակառուցվել են առողջապահական եւ ուսումնական հաստատություններ»,- նշված է ուղերձում։

Վարչապետը նշել է, որ Ռիտա Սարգսյանը ծավալել է սոցիալ-հասարակական ակտիվ գործունեություն, խրախուսել մշակութային կյանքի աշխուժացումը։

«Մեր ընտանիքի անունից ցավակցություն եմ հայտնում Սարգսյանների սգակիր ընտանիքին»,- եզրափակել է վարչապետը ցավակցական ուղերձը։

Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանն օրերս կորոնավիրուսից առաջացած բարդությունների պատճառով ծանր վիճակում տեղափոխվել էր արտերկիր՝ բուժման նպատակով։

Այսօր հայտնի դարձավ, որ նա մահացել է։