ՌԴ նախագահը հսկայական ներդրում ունի պատերազմը կանգնեցնելու գործում. Արմեն Սարգսյան

Նախագահը կարծիք է հայտնել, որ մարտական գործողությունների դադարեցմամբ հակառակորդի ծրագրերը դեռ ավարտված չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Եռակողմ ստորագրված փաստաթուղթն առաջին հերթին զինադադար է։ Նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեդալներ է շնորհել 102 զինծառայողի. ցանկ

«Այդ օրվանից սկսած՝ ես արդեն չեմ լսում զոհված մեր տղաների մասին, չեմ ստորագրում հրամանագրեր, որոնցով զոհվածներին շքանշաններ են տրվում: Ուրախ եմ այն ընտանիքների համար, որոնց զավակները վերադարձել են տուն: Այսինքն, որպես պատերազմական գործողությունների դադար, այն հսկայական, մեծ արժեք ունի»,- ասել է նախագահը։

Նա ընդգծել է, որ շատ կարևոր է Վլադիմիր Պուտինի ստորագրության հանգամանքը։ Նախագահի կարծիքով՝ դա նշանակում է, որ նա ոչ միայն ստորագրել է փաստաթուղթը, այլև ինչ-որ առումով դրա կատարման երաշխավորն է։ Արմեն Սարգսյանը խոսել է պատերազմը կանգնեցնելու գործում ՌԴ նախագահի ներդրման մասին՝ այն «հսկայական» անվանելով։ Նախագահը, սակայն, շեշտել է՝ չնայած ռազմական գործողություններն ավարտված են, բայց հակառակորդի ցանկությունները, ծրագրերը, իր կարծիքով, դեռևս ավարտված չեն:

Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ. ՀՀ նախագահը՝ Չինաստանի դեսպանին

«Կարծում եմ, որ սա շատ դառը դեղահաբ է, բայց պետք է այդ դեղահաբը կուլ տանք և փորձենք այդ վիճակից, ընկած վիճակից ոտքի կանգնել և կառուցել մեր ապագան: Այո, ճակատամարտը պարտվել ենք, բայց ինձ համար անընդունելի է այդ ճակատամարտի պարտությունը մեկնաբանել որպես մեր ազգի, մեր պետության պարտություն: Ո՛չ: Մենք հնարավորություն ունենք և կարող ենք ոտքի կանգնել և առաջ նայել դեպի ապագա, դեպի հաղթանակներ և ցույց տալ աշխարհին, որ մենք հենց այն ժողովուրդն ենք, որ կարող է ոտքի կանգնել ամենամեծ դժբախտությունից հետո, ինչպես դա արել ենք 100 տարի առաջ»,- նշել է նախագահը։

Հիշեցնենք, որ անդրադառնալով եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում առաջացած ներքաղաքական իրավիճակին՝ նախագահ Սարգսյանն ուղերձ էր հղել՝ նշելով, որ անհրաժեշտ են վարչապետի պաշտոնավարման դադարեցում ու ԱԺ արտահերթ ընտրություններ։