Ղարաբաղ չմնաց․ Նոր Մարաղա գյուղի բնակիչը չգիտի՝ երեք երեխաներին որտեղ ու ինչպես է պահելու

Արարատ Գաբրիելյանը դժգոհ է իշխանություններից։ Ասում է՝ բենզինի չեկ են տալիս, ասում են՝ դե գնա, չեն մտածում, եթե գյուղացին մեքենա չունի, չեկն ի՞նչ է անելու։
Sputnik

Արցախի Մարտունի շրջանի Նոր Մարաղա գյուղի բնակիչ Արարատ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է, թե ինչպես են թողնում իրենց տունն ու տարիներով ստեղծածը։

«Թողնում եմ ամեն ինչ, այն, ինչ ես եմ ստեղծել ու այն, ինչ հայրս էր թողել։ Դեռ չգիտեմ տան իրերը ուր եմ տանելու, երեք երեխաներիս ինչպես եմ պահելու»,-ասում է նա։

«I recognize Artsahk». Արեգ Բալայանը շունչ է հաղորդում թշնամու մահացու հետքին. տեսանյութ

Տղամարդը սրտի կսկիծով է ասում` Ղարաբաղ չմնաց։ Միայն չի հասկանում, որ եթե հողերը պիտի թշնամուն տային, ինչի այսքան մարդ զոհվեց։

«Ես դիմում եմ մեր ղեկավարներին. ինչպե՞ս եք դուք նայելու զոհվածների երեխաների երեսին։ Այսինքն գիտեմ, այնպես, ինչպես 1992 թվականին նայեցին իմ երեսին»,-ասում է տղամարդը։

Նա դժգոհ է երկրի ղեկավարներից, ասում է՝ մի բենզինի չեկ են տալիս, ասում են՝ դե գնա, չեն մտածում, եթե գյուղացին մեքենա չունի, որ իր գույքը տնից հանի, չեկն ինչ է անելու։

«Շատ մարդիկ լքելու են Ղարաբաղը, միայն թե ճանապարհների բացվելուն են սպասում»,- ասում է Արարատ Գաբրիելյանը։

Ադրբեջանցի զինվորականները նվաստացնում են հայ ծերունուն. տեսանյութ

Հիշեցնենք` Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտնեց, որ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերն անցնում են Ադրբեջանին՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների:

Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։ Այս բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ) մինչ 1994թ–ը գտնվել են Աղդամի շրջանում։

Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո դրանք ընդգրկվել են Մարտակերտի շրջանի մեջ։