Երևանի կենտրոնում մի խումբ երիտասարդներ փակել էին Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկը։ Ակցիայի ընթացքում ճանապարհը փակած մի քանի ցուցարարի «Գազել» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել։ Ակցիան նկարահանող օպերատորը հասցրել է ֆիքսել ավտոմեքենայի համարները։
Վթարի ենթարկվածներից Սեդան հավաքվածներին ասել է, որ իրեն լավ է զգում և լուրջ վնասվածքներ չունի։
Տեսանյութում երևում է, որ մեքենան առաջ է գնում՝ չնայելով, որ դիմացը մարդիկ են կանգնած։
Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ արդեն զբաղվում են միջադեպով։ Միևնույն ժամանակ նշեցին, որ Երևանի մի շարք փողոցներում այսօր նմանատիպ ակցիաներ է կազմակերպվել ։ Բերման է ենթարկվել 24 մարդ։
Նշենք, որ ակցիայի մասնակից երիտասարդները շղթա էին կազմել` կաթվածահար անելով երթևեկությունը և վանկարկում են «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան»։ Նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Երևանում փողոցներ են փակում Փաշինյանի հրաժարականի պահանջով. տեսանյութ
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Երևանում մի խումբ մարդիկ ներխուժել են կառավարության գլխավոր մասնաշենք ու Ազգային ժողով։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել ու տեղափոխվել է հիվանդանոց։
Նոյեմբերի 11-ից ընդդիմադիր 16 կուսակցություններ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։