Դա ինձ համար բացահայտում էր. Դադիվանքին հարակից դիտակետի խաղաղապահը հաճելիորեն զարմացած է

Օլեգ Կովալենկոն պատմում է, թե ինչպես են Արցախում նրանց ընդունել և ինչ վիճակում են այս պահին տեղակայման գործընթացները։
Sputnik

Դադիվանքի տարածքում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ավագ լեյտենանտ Օլեգ Կովալենկոն Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ գալուց առաջ մտավախություն ունեին, թե այստեղ չհասկացվածության, անգամ սադրիչ գործողությունների և ընդունելության կարժանանան, բայց պարզվեց` իրենց մտավախություններն անտեղի էին։

«Տեղի բնակիչները մեզ ուրախությամբ ընդունեցին, դա ինձ համար բացահայտում էր։ Մարդիկ այստեղ շատ բարի են, փորձում են ամեն ինչում օգտակար լինել, գոնե հոգեբանական աջակցություն շատերից ենք ստանում»,–ասում է նա` շնորհակալությունն հայտնելով տեղի բնակիչներին։

Ռուս խաղաղապահները շատ ավելին են անում, քան մենք սպասում էինք․ ՊՆ ներկայացուցիչ

Կովալենկոն պատմում է` Դադիվանքի տարածքում տեղակայվել են վանքի հոգևոր հովիվ տեր Հովհաննեսի օրհնությամբ, որը հիմա էլ այստեղ է։ Նա ցույց է տվել շինությունը, տեղանքը, ներկայացրել իրավիճակը։

Դրանից հետո դասակը սկսել է տեղակայման աշխատանքները. առաջին դիտակետը Դադիվանքի ճանապարհին է, 2–րդը` Դադիվանքի մոտ` անմիջապես Օլեգ Կովալենկոյի ղեկավարությամբ։

«Երբ եկանք, նկատեցինք, որ մարդիկ այստեղ շատ տխուր և հիասթափված են, նրանք գալիս էին վանքին, այս տեղերին հրաժեշտ տալու։ Բայց տեսնելով խաղաղապահներին` նրանք գոտեպնդվեցին և երախտագիտության խոսքեր էին ասում մեզ, ինչը շատ հուզիչ էր»,–իր առաջին տպավորություններն է պատմում ավագ լեյտենանտը։  

Դադիվանքում աղոթող հայերը հրաժեշտ են տալիս սրբավայրին. լուսանկարներ առանց մեկնաբանության

Նրա խոսքով` հիմա պատրաստվում են իրագործել եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ուժի մեջ են մտնում նոյեմբերի 25–ից։ Դրա համար երեկվանից արդեն զինում են դիտակետերը, որ վերը նշված օրվանից համակարգված գործեն։ «Կհամագործակցենք մեր գործընկերների հետ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից»,–ասաց նա։

Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց

Կովալենկոն պատմում է, որ ինքը ռազմական և մշակութային պատմության սիրահար է և մի տեղ գործուղվելուց առաջ իր խմբի հետ ուսումնասիրում են տեղանքի և տեղի ժողովրդի պատմությունը։ «Իմ զինվորներն առնվազն գիտեն հակամարտության, տեղանքի պատմությունը։ Դադիվանքի դիտակետ գալով ու սեփական աչքերով տեսնելով միայն կարողացանք գնահատել այն հոգևոր և ազգային ժառանգությունը, որ կա այստեղ»,–ասում է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: