ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղում կրակի դադարեցման հետ կապված հարցեր

Լավրովը տեղեկություններ է հայտնել հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու աշխատանքների հիմնական ուղղությունների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածության կատարման ընթացքը։

Քարվաճառից աշխարհազորայիններին տարհանելու ժամկետը երկարաձգվել է 10 օրով

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 15-ին, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

«Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել եռակողմ հայտարարության կողմերի գործնական քայլերի համակարգմանը ՌԴ զինված ուժերի խաղաղապահ անձնակազմի տեղակայման ու «երկրի վրա» խաղաղապահների աշխատանքների կազմակերպման համատեքստում»,-նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Լավրովը Բայրամովին հայտնել է նաև հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու աշխատանքների հիմնական ուղղությունների մասին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացումը 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Հայտարարության մեջ կետեր կան նաեւ Ադրբեջանին հանձնվող տարածքների մասին։