Պետք է մերժել օրհասական պայմաններում ստորագրված փաստաթուղթը. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս

Կաթողիկոսը շեշտում է, որ բոլոր ժամանակներում, հարգելով Սահմանադրությամբ ճշտված սկզբունքներն ու գործընթացները, անխտիր բոլորը, հաշվետու են ժողովրդի և պատասխանատու՝ պատմության առջև:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Պետք է մերժել օրհասական պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված փաստաթուղթը: Այս մասին հայ ժողովրդին ուղղված տեսաուղերձում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

Հայրենիքի ազատության համար կռվելը պատիվ է․ Արամ Առաջին

Նրա խոսքով`հարկ է միասնաբար կանգնել, ծրագրել և համազգային մասշտաբով որոշում կայացնել: Պատերազմը չի ավարտվել, պետք է զգոն և իրատես լինել։ Հայաստանն ու Արցախը վտանգված են իրենց ժողովրդով ու պետականությամբ, ներկայով ու մանավանդ ապագայով։

«Առաջին` պետք է մերժել օրհասական պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված և փաստորեն զինադադարի համաձայնությունից անդին ետդիմի ու անորոշ կետերով լեցուն վտանգավոր հետևանքներով ներկա փաստաթուղթը:

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Երկրորդ` պետք է զգույշ լինել ներքին բևեռացում ու ապակայունացում առաջացնող քայլերից` հարգելով օրենքի գերակայության հրամայականը, միաժամանակ բացառելով ազատ կարծիքի դեմ բռնությունը:

Երրորդ` պետք է հետևողական կերպով Հայաստանի ու Սփյուռքի ջանքերով հասնել Արցախի Հանրապետության ճանաչմանը»,- ասում է նա:

Կաթողիկոսը շեշտում է, որ բոլոր ժամանակներում, հարգելով Սահմանադրությամբ ճշտված սկզբունքներն ու գործընթացները, անխտիր բոլորը, հաշվետու են ժողովրդին և պատասխանատու պատմության առջև:

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացումը 

«Սիրելի հայորդիներ, այս գիտակցությամբ ու այս հանձնառությամբ պետք է գործենք: Փառք ու պատիվ մեր հերոսներին, փառք ու պատիվ հերոս Արցախին, փառք ու պատիվ Հայաստանին»,–ասաց կաթողիկոսը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել: