Տխուր տեսարան. Քարվաճառի բնակիչները փորձում են տեղափոխել` ինչ կարող են

Քարվաճառի ճանապարհներին այս պահին եռուզեռ է, սակայն տեսարանը սիրտ է մաշում, քանի որ առաջիկայում դատարկվող քաղաքի մասին է հիշեցնում։
Sputnik

Քարվաճառի բնակիչները փորձում են իրենց ունեցվածքը տեղափոխել։ Sputnik Արմենիայի թղթակիցը ֆիքսել է` ինչպես են տեղի բնակիչները տեղափոխում իրենց իրերը։

Քարվաճառն Ադրբեջանին է հանձնվելու երկու օր անց` նոյեմբերի 15-ին։

Մինչ այդ Քարվաճառի ճանապարհները ծանրաբեռնված են մեքենաներով` այսօր ողջ օրն այնտեղ շարժ է եղել։ Ամենակարևորը, սակայն, տեղափոխել հնարավոր չէ...

Ինչ տեսք ունի Քարվաճառն Ադրբեջանին հանձնելուց 3 օր առաջ. լուսանկարներ

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։