Ստեփանակերտցի տատիկը ժամանակավորապես ապաստան է գտել Գորիսի հյուրանոցներից մեկում։ Ասում է՝ ծնվել ու ամբողջ կյանքն ապրել է Ստեփանակերտում։
Երեսուն տարվա բուժքույր է, իր կյանքում չորս պատերազմ է տեսել, որից երեքը` Արցախում. Արցախյան առաջին պատերազմը, Քառօրյան և վերջին պատերազմը։
1998 թվականին հանգստանում էր Սև ծովի ափին, այնտեղ էլ Աբխազիայի վեցօրյա պատերազմը տեսավ։
Տարեց կինը որոշել է հետ գնալ Ստեփանակերտ. տղան, փեսան, եղբայրը, եղբոր որդիներն ու մյուս հարազատներն առաջնագծում են։ Ասում է` 1993 թվականին էլ եղբայրն է զոհվել, այնպես որ, ընտանիքի կյանքի ամբողջ պատմությունն Արցախի հետ է կապված։
«Սպասում ենք՝ ճանապարհները բացվեն, գնանք մեր հողը։ Ասել Գիքորին՝ ես մեր գյուղն եմ ուզում, ես իմ տունն եմ ուզում»,- հուզմունքով ասում է կինը։
Նեղսրտում է, որ պատերազմն այսքան երկար շարունակվեց ու մեծ թվով զոհերի պատճառ դարձավ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ավելի քան 1100 խաղաղապահ արդեն տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում. Շոյգու