ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է որպես կասկածյալ։ Վանեցյանը ՀՔԾ–ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարցաքննվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։
«Մեղադրանք առաջադրելու մասին դեռ որևէ խոսք չկա։ Դեռ...»,–ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով` սա կեղծ գործ է, որի միակ նպատակն իրենց քաղաքական գործընթացը կասեցնել է։ Սակայն, ըստ Վանեցյանի, իրենք չեն զբաղվում քաղաքական պրոցեսներ գեներացնելով, այլ զբաղվում ենք հայրենիքը փրկելով։
Հիշեցնենք, որ Վանեցյանը նոյեմբերի 11-ին հրավիրվել էր ԱԱԾ, իսկ երեկ երեկոյան ազատ էր արձակվել։
Արթուր Վանեցյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (չարտոնված հանրահավաքի կազմակերպում և մասնակցություն) և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության հետ վարվելու կանոնները խախտելը)։
Արդեն երրորդ օրն է՝ Ազատության հրապարակում շարունակվում են 16 կուսակցությունների կազմակերպած բողոքի հանրահավաքները։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հիշեցնենք՝ բողոքի ալիքը հասունացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ պատերազմական գործողությունների դադարեցման շուրջ ընդունված եռակողմ հայտարարության մասին։
Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն արդար չէ. ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ–ի հայտարարությունը