ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. 1990-ականներին արցախյան պատերազմի ժամանակ Արցախի 4400ք/կմ–ին գումարվել է 8200 ք/կմ։ Իսկ հիմա Արցախի 12 600ք/կմ–ից 10 100-ը տրվում է թուրքերին։ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Տարածքներ հանձնելն անընդունելի է։ Հոկտեմբերի 8-ին, երբ մարտերն ընթանում էին Հադրութի ուղղությամբ, արդեն մշակվել էր, որ Շուշին պետք է հանձնվեր։ Տղաները պատրաստ էին հակագրոհել, բայց նրանց չէին թողնում։ Հարցն այն է, որ Փաշինյանին արդեն ասել էին` Ալիևն ուզում է 7 շրջանները, Շուշին, և էլ ինչ կհասցնի գրավել»,–ասաց Բագրատյանը։
Նրա խոսքով` սա արվում է իբր այն բանի համար, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ զրոյական խնդիր ունենա։ Բագրատյանը նշեց` եթե Փաշինյանը մնա իշխանության, որևէ մեկը վստա՞հ է, որ վաղն էլ Հայաստանը չի հանձնելու։
Ի դեպ, այս պահին հանրահավաքի մասնակիցները քայլերթով գալիս են դեպի կառավարություն։
Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։
Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:
Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։