Արցախյան առաջնագծում այսօր հայերի համար ամեն բան չէ, որ լավ է դասավորվում, բայց հաղթանակի հանդեպ վստահությունը ոչ միայն չի նվազում, այլև հակառակը՝ աճում է։ Ինչո՞ւ է այդպես և որտեղի՞ց։
Հայկական բնավորության առանձնահատկություններից, որոնք 19-րդ դարում նկարագրել է գերմանացի լրագրող Մագդա Նեյմանը
Մանր բյուրգերների ընտանիքում մեծացած աղջիկն իր ուժերը փորձել էր տարբեր մասնագիտություններում՝ ֆերմերից մինչև զոդող, բայց արդյունքում ընտրել լրագրությունը, իսկ իր կյանքի գլխավոր գիրքը կոչել «Հայերը»։ Այդ գրքում մենք ներկայացված ենք ամենատարբեր հանգամանքներում, հաճախ քննադատաբար, բայց դա հենց այն է, ինչն օգնում է ավելի լավ գլուխ հանել մեր ազգային բնավորության գունախաղերից և նրբություններից։
Անցնենք բուն նյութին, առաջին հերթին՝ արցախյան։ Ինչպես պնդում է Նեյմանը՝ հայերի այդ հատվածի կյանքի պայմանները նկատելիորեն տարբերվել են մյուս հայերի կյանքի պայմաններից, և այդ տարբերությունն, առաջին հերթին, արտահայտվում էր հոգևոր բնույթով։
Կարդում ենք․ «Ղարաբաղի հերոս զավակները վաղուց ի վեր հայտնի են իրենց արիությամբ, քաջությամբ և վճռականությամբ։ Հայերի քաղաքական կյանքի դադարից հետո հայոց պատմության մեջ որպես Սյունիք և Արցախ հայտնի և պարսկական տիրապետության տարիներին ներկայիս Ելիզավետպոլի նահանգի մեծ մասը ներառած Ղարաբաղյան մարզի բնակիչները երկար տարիներ պայքարել են իրենց անկախության համար․․․»։
Այնուամենայնիվ, ստացվեց այն, ինչ ստացվեց․ արցախցիները ստիպված եղան նահանջել, բայց բնավ ոչ հնազանդվել (իրավիճակ, որը մասամբ կրկնվում է նաև այսօր)։
«Հենվելով լեռնային և անտառային տեղանքի վրա, Սյունիքի և Արցախի բնակչությունը համառ պարտիզանական պատերազմ էր մղում պարսիկների, թուրքերի, թուրքմենների և Միջին Ասիայից այլ եկվորների դեմ»,-պատմում է Նեյմանը, ակամա դրդելով մեր ժամանակների հետ համեմատության։
Եվ հիմա, եթե ինչ-որ բան է պատահում, արցախցիները պատրաստ են կրկին գնալ նույն «լեռնային և անտառային տեղանքը», որպեսզի շարունակեն պայքարը վայրագ թուրքերի և Մերձավոր Արևելքի եկվորների դեմ։
«Եթե Երևանում նստեմ, հետո ինչպե՞ս եմ համերկրացիներիս աչքերին նայելու»
Շարունակությունն այն մասին է, ինչը ոչ բոլորին դուր կգա, բայց ինչ եղել է՝ եղել է և ուշադիր լրագրողի աչքից չի վրիպել․ «Հայերը երկար ժամանակ գտնվել են Պարսկաստանի և Թուրքիայի լծի տակ, ինչը, անկասկած, իր կնիքն է դրել նրանց բնավորության և սովորույթների վրա։ Այնուամենայնիվ, նրանք դեռ պահպանել են բազմաթիվ դրական գծեր, որոնք ժառանգաբար փոխանցվել են նրանց նախնիներից»։
Ի՞նչ դրական գծեր, և հատկապես ինչի՞ մասին է խոսում Մագդան, փորձելով գլուխ հանել մեր բնույթից։ Այն մասին, որ, օրինակ, առաջին հայացքից հարմարվող թվացող հայն իրականում շատ հպարտ է։ Ինչ ծայրահեղության մեջ էլ ընկնի աղքատ հայը, նա չի իջնում մինչև մուրացկանության մակարդակի։
Այս դիտարկումը Մագդա Նեյմանն արել է Կոստանդնուպոլսի փողոցներում, որտեղ վխտում էին բոլոր ազգերի մուրացկանները, բայց նրանց մեջ հայեր չկային։ Աղքատը մի բան է, իսկ մուրացկանը, այնուամենայնիվ, մեկ այլ բան է։
Այս փաստն արձանագրել է ոչ միայն նա, այլև Արևելքում ճամփորդող շատ-շատերը։ Ճիշտ է, Հայաստանում 20-րդ դարի 90-ականներին կարելի էր ինչքան ասես ողորմություն խնդրող տեսնել, բայց այստեղ էլ նրբություն կա․ իրենց տանը, իրենց հայրենակիցներից, այո՛, խնդրում էին, բայց ուրիշ երկրներում հպարտությունը թույլ չէր տալիս։
Ուրիշ ի՞նչ ազգային առանձնահատկություններ կան
«Կովկասյան բանտերը լի են բոլոր ցեղերի քրեական հանցագործներով, բայց հայերը նրանց թվում չնչին տոկոս են կազմում»,–նշում է Նեյմանը։
Շարունակենք։ Կովկասյան վարչակազմը, ինչպես հայտնի է, ոչ միշտ է անթերի եղել։ Այնտեղ ծառայողների թվում ևս հայերը քիչ չեն եղել, բայց ծառայության ընթացքում կարողություն կուտակածները հատուկենտ էին։
Հայկական ծագումով ռուսաստանցի զորահրամանատարներից և ոչ մեկն իր մասին շահամոլ մարդու հիշատակ չի թողել։ Ցարի և հայրենիքի այս հավատարիմ ծառաներն այնպիսի պաշտոններ էին զբաղեցնում, որոնք պետական ծառայության նկատմամբ նախկին հայացքների պարագայում կարող էին «հանգեցնել խոշոր կարողությունների կուտակման»։
Եվ կրկին Մագդա Նեյմանի աչքերով և խոսքով․ «Իշխան Մոիսեյ Զախարովիչ Արգուտինսկի-Դոլգոռուկովի մահից հետո նրա արխալուղի գրպանում ընդամենը 2 ռուբլի 50 կոպեկ գտան, բայց գեներալ Արզա (Արշակ) Արտեմևիչ Տեր-Ղուկասովը շատ ավելի շահամոլ դուրս եկավ․ նրա թողած կարողությունը կազմում էր 20 ռուբլի»։
Համեմատենք այսօրվա հետ։ Ավաղ․․․
Պատմելով Արցախի հայերի մասին, գրողը պարբերաբար նշում է գեներալների անուններ (մարշալներ Բաղրամյանի և Բաբաջանյանի մասին, որոնք ծնունդով ղարաբաղյան Խաչիսար գյուղից էին, հասկանալի է, նա չէր կարող իմանալ), բայց չի նշում ծնունդով Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Կրկժան գյուղից Հովակիմ Մուրադյանի անունը։ Նույնպես մարշալ է, նույնպես փառավոր, բայց Ֆրանսիայի մարշալ, աշխարհին հայտնի որպես Մյուրատ։
Իսկ տղաները պատերազմ են գնում, կամ հայերի «անմահ գունդը»
Նապոլեոնը՝ Մյուրատի մասին․ «Հեծելազորի առավել վճռական, անվախ և փայլուն հրամանատար չի եղել․․․ նա իմ աջ ձեռքն էր։ Թշնամուն հանդիման Մյուրատը քաջությամբ գերազանցում էր աշխարհում բոլորին, մարտադաշտում նա իսկական ասպետ էր, կաբինետում՝ անմիտ ու անվճռական պարծենկոտ»։
Նապոլեոնի հետ վիճելը բարդ է, Մյուրատը, հավանական է, պարծենկոտ է եղել, բայց հարյուրամյակներ են անցել, մարշալի կաբինետային պարծենկոտությունը պատմության քամին ցրել է, իսկ արցախցու քաջությունը մարտի դաշտում մնացել է։