ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դպրոցականների, քոլեջի և ուսումնարանների ուսանողների կրթության կազմակերպման հարցերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։
Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին, ապա Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն իսկ իրականացնում է դասընթացներն առցանց։ Արցախի պետական համալսարանը առցանց ուսուցման կանցնի նոյեմբերի 10-ից։
Արցախում գործող մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս շուտով հանդես կգան ուսումնական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ տեղեկատվությամբ։
Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների դպրոցահասակ երեխաների հաշվառման և դպրոցներում տեղավորման հարցը։ Այս պահին այդ, ինչպես նաև կրթության կարիքների հստակեցման (դասագրքեր, գրենական պիտույքներ, տեխնիկական միջոցներ) ուղղությամբ աշխատանքներ են տարվում մարզպետարանների կրթության վարչությունների հետ։
ԱՀ ԿԳՄ նախարարությունը հստակեցնում է նաև ուսուցիչների համակազմն ըստ առարկաների, և այն պարագայում, երբ կլինի կարիքը, նրանք հնարավորություն կունենան համագործակցելու Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնի հետ, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կդասավանդեն նաև Արցախից ժամանակավորապես տեղափոխված ուսուցիչները։
Արցախի տարածքում կա 220 դպրոց, 60 մանկապարտեզ, որոնցից ոչ մեկը հիմա չի գործում. Բեգլարյան