ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Արցախի շուրջ 24.000 աշակերտի կյանքի և կրթության իրավունքն այսօր ոտնահարված է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այսօր դպրոցում բռնության և բուլինգի, ներառյալ՝ կիբերբուլինգի դեմ պայքարի միջազգային օրն է։
ՀՀ կառավարության կողմից հրապարակված տեսանյութում արցախցի երեխաները պատմում են իրենց առօրյայի, կրթության ու պատերազմի պատճառով փոփոխված կյանքի մասին։
«Երբ մեր գյուղում կրակում էին, հայրիկս ասեց, որ պիտի գամ Երևան։ Եկանք մեր բարեկամի տուն 2 օրով, իսկ հետո մեզ բերեցին այստեղ»,պատմում է երեխաներից մեկը։
Մյուսն էլ հավելում է, որ շատ է կարոտել Արցախում գտնվող իր մարզչին, ուսուցիչներին։
Ավիահրթիռներով ռմբակոծվելու հետևանքով Շուշիում վնասվել է դպրոցը, մեկ տուն էլ ավերվել է
«Պետք է պարտադիր սովորենք, որ լավ մարդ դառնանք»,-ասում է մյուս փոքրիկը։
Երեխաներից մեկն էլ վերհիշում է, թե ինչ գեղեցիկ էր իր դպրոցը, իսկ հիմա թշնամու հրետակոծությունից հետո կիսավեր վիճակում է։
«Շուշիում մնացել են մամաս, պապաս ու իմ փոքր շունս։ Հիմա իրենք նկուղում են, իրենց այդքան վտանգ չի սպառնում, բայց դե մեկ էլ տեսար բեկորներն իրենց էլ կպնի, վնասի»,-ասում է փոքր տղաներից մեկը։
Աղջիկ երեխաներից մեկն էլ նշում է, որ հիմա մի երազանք ունի ընդամենը՝ տեսնել ծնողներին։
«Երազում եմ տեսնել հայրիկիս, միայն դա եմ երազում»,-ասում է աղջնակն ու թեքում գլուխը։
Երեխաները հույս ունեն, որ պատերազմը շուտ կավարտվի, ու կկարողանան վերադառնալ տուն։
Հավելենք, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում կան ավերված 61 դպրոց, 10 մանկապարտեզ, մոտ մեկ տասնյակին հասնող մշակութային տներ: