Ծակ պատեր, կիսաքանդ փողոցներ, ավերված տանիք, կոտրված խաչքարներ, կիսավեր դպրոց` կոտրված պատուհաններով ու դրսի պատի մեջ առաջացած մեծ խոռոչով։ Այս տեսարաններին այսօր կարելի է հանդիպել Արցախի չքնաղ բերդաքաղաքում` Շուշիում։ Սա մեր թշնամու ձեռագիրն է, նրա գործելաոճը։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ իրավիճակ է Շուշիում գիշերվա հրետակոծությունից հետո։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ վերսկսել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։
Տեղեկացվում էր, որ քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։