Հայաստանում ևս 5 դատապարտյալի են ազատ արձակել. նրանք մեկնել են առաջնագիծ

Դատապարտյալները պատերազմի առաջին օրվանից գրել են, որ ուզում են մեկնել Արցախ։ Ոմանց թույլ են տվել վաղաժամկետ ազատ արձակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում ևս հինգ դատապարտյալներ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել. նրանք դիմումներ են գրել, որ ուզում են մեկնել ռազմաճակատ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Քննչական կոմիտեի նախագահը կամավորների հետ մեկնել է Արցախ

«Խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում` խնդրի նրբությունը հաշվի առնելով», - նշեցին գերատեսչությունում։

Հոկտեմբերի 30-ին հայտնել էինք, որ 12 կալանավորի խափանման միջոցը փոխվել է, իսկ չորս դատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով են ազատ արձակվել` ռազմաճակատ գնալու նկատառումով

Այսպիսով, ՔԿՀ-ից ռազմաճակատ է մեկնել ընդհանուր 21 մարդ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք բոլորն արդեն Արցախում են։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից էլ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ իսկապես մի շարք դատապարտյալներ դիմումներ են ներկայացրել առաջնագիծ մեկնելու համար, սակայն չէին նշել, թե քանի մարդ է նման դիմում ներկայացրել, և որ հոդվածներով են նրանք դատապարտված։
Մեր տեղեկություններով` դիմում գրածների թիվը մի քանի տասնյակի է հասնում, նրանք հիմնականում ուժային կառույցների նախկին աշխատակիցներ են, ինչպես նաև արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ։