Վիրավորների բուժմամբ զբաղվող հիվանդանոցներին օպերատիվ կտրամադրվի այն, ինչի կարիքը կա

Անհրաժեշտ սարքավորումներն ու դեղորայքը ժամանակին են տեղ հասնում. մինչ օրս որևէ վիրավոր զինվորի բուժօգնություն չի տուժել այդ պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վիրավոր զինծառայողների բուժմամբ զբաղվող հիվանդանոցների կարիքները կբավարարվեն «կենտրոնացված ձևով»։

Նախարարն այցելել է վիրավոր զինվորներին՝ ծանոթանալով բուժման ընթացքին

«Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով»,- նշված է ԱՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Հաջորդիվ նախարարությունը մանրամասնում է. «կենտրոնացված» նշանակում է՝ տվյալ հիվանդանոցի տնօրինության միջոցով պետք է կարիքը ներկայացվի նախարարություն։ Եթե անհրաժեշտ պարագան (սարքավորում, դեղորայք և այլն) ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» պահեստում կա, ապա անմիջապես կտրամադրվի։ Եթե չկա, ապա օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ մատակարարվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը, և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին