«Ռոսսելխոզնադզորը» մտահոգ է Հայաստանից Ռուսաստան վարակված լոլիկի մատակարարման փաստով

Գերատեսչությունում նշել են, որ ստիպված են սահմանափակումներ մտցնել՝ լոլիկի վրա կրկին վարակ հայտնաբերելու դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. «Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է, քանի որ Հայաստանից Ռուսաստան մատակարարված լոլիկների վրա վտանգավոր վիրուսային հիվանդություն՝ PepMV է հայտնաբերվել։ Տեղեկությունը նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

«Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ տեսակապի միջոցով բանակցություններ է անցկացրել ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանի հետ։

Հայկական բաստուրման ռուսական շուկա մտցնելը խնդիր է. ինչպե՞ս համոզել Ռոսսելխոզնադզորին

«Ծառայությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստանի տարածք ներմուծված լոլիկների խմբաքանակի մեջ Pepino mosaic virus վարակի հայտնաբերելու կապակցությամբ։ Ավելի վաղ հայ գործընկերներին այդ հիվանդության հայտնաբերման վերաբերյալ ծանուցում է ուղարկվել», - նշած է հաղորդագրության մեջ։

Ծառայությունը խնդրել է հայկական կողմից խստացնել Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի վերահսկողությունը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ կարանտինի ենթակա ապրանքների վրա վիրուսի հայտնաբերման կրկնության դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Հայաստանից եկող կարանտինի ենթակա մթերքների ներկրման նկատմամբ։

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է երշիկեղենի խմբաքանակը ներկրել Հայաստան

«Ռոսսելխոզնադզորն» առաջարկել է առաջիկայում երկու երկրներում գործող ֆիտոսանիտարական վերահսկողության ոլորտի տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցերով բանակցություններ անցկացնել։ Խորհրդակցության անցկացման օրն ավելի ուշ կհամաձայնեցվի։ Հայկական կողմն իր հերթին կտեղեկացնի ռուսական գերատեսչությանը ձեռնարկած քայլերի մասին։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ռուսաստան ուղարկվող բուսական արտադրանքի լաբորատոր հետազոտություններ անցկացնելու համարժեք մոտեցումների մշակման հարցում։

Այս շաբաթ Ռուսաստանը հիշատակված վիրուսի պատճառով արդեն արգելել է լոլիկ ներկրել Բելառուսի չորս շրջաններից։