Կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը

67-ամյա անվանի համաճարակաբանը չի կարողացել հաղթահարել կորոնավիրուսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը: Լուրի մասին հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ինչո՞ւ կորոնավիրուսից մահացած մարդկանց տարիքը չի հրապարակվել. Նիկողոսյանի մեկնաբանությունը

«Առողջապահության նախարարության ողջ անձնակազմը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, խորին ափսոսանք է հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Նիկողոսյանը։

Դավիդյանցը 2004-ին արժանացել է ՌԴ Բժշկական Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի Ռուդոլֆ Վիրխովի, իսկ 2005-ին Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի «Ռենտգեն» մեդալներին։

Նա 1989-ից Բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտի (հետագայում Առողջապահության ազգային ինստիտուտի) համաճարակաբանության և բժշկական ին‎ֆ‎որմատիկայի ամբիոնի վարիչն էր։

Դավիդյանցը 67 տարեկան էր։

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվել էր 2383 անձ, իսկ մահացել` 29-ը։