ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Պատերազմի օրերին հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել հարկեր վճարելու մասին: ՀՀ պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հոկտեմբերի 23-ից ուժի մեջ է մտել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքը, որով սահմանված արտոնությունները վերաբերելու են սեպտեմբերի 27-ից հետո կատարված աջակցություններին:
Ըստ օրենքի`նվիրատվությունը պետք է կատարվի 5 գերատեսչություններից որևէ մեկին` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ առողջապահության նախարարությանը, և վերաբերում է Եվրասիական տնտեսական միությունից կատարված ներկրումներին: Իսկ երրորդ երկրներից ներմուծումների պարագայում արդեն վաղուց հարկային արտոնություն է գործում՝ հրաժարում հօգուտ պետությանը ընթացակարգի դեպքում:
Որպեսզի արտոնությունը կիրառվի, ԵԱՏՄ միասնական օրենսդրության պահանջով պետք է, այնուամենայնիվ, ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր և անուղղակի հարկերը վճարված լինելու վերաբերյալ հայտարարություն: Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պետք է նաև հաշվարկային փաստաթղթեր դուրս գրեն ստացող նախարարություններին, որոնք էլ պետք է վավերացնեն փաստաթուղթը:
Պատերազմի պատճառով հանրության ֆինանսական վարքագծում խուճապային տրամադրություն չկա
Ֆիզիկական անձանց դեպքում արտոնությունից օգտվելու կարգն այլ է: Եթե ռազմական դրության օրերին անձը սահմանված չափաքանակներից շատ ապրանք ներմուծի Հայաստան և նվիրաբերի պետությանը, ապա այդ գերազանցող մասի համար ստիպված չի լինի հարկեր վճարել:
Հարկային արտոնության մյուս խումբը վերաբերում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներին: Օրինակ` շշալցված և հանքային ջրերը կամ այլ ապրանքատեսակներ այս օրերին հնարավոր է պետությանն անհատույց օտարել` առանց պիտակավորման:
Պետությանն անհատույց տրամադրելու դեպքում հարկերից ազատվող ապրանքների ցանկը սահմանված է կառավարության որոշմամբ: