Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը

Գուրգեն Եղիազարյանը հոսպիտալացված է եղել և 10 օր բուժում ստացել։ Սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով մահացել է քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը։ Sputnik Արմենիայի հետ տեղեկությունը զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Եղիազարյանը ծայրահեղ ծանր վիճակում է ընդունվել հիվանդանոց։ Նա 10 օր է, ինչ բուժում էր ստանում։ Սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց»,–ասաց Դերձյանը։

Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը

Գուրգեն Եղիազարյանը 72 տարեկան էր։ Նա 1976 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ազգային անվտանգության համակարգում` հետախուզական բաժնի պետ, 7-րդ բաժնի կառավարման ղեկավար, Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նաև եղել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերին մշտական հանձնաժողովների անդամ։

Գուրգեն Եղիազարյանը 2003 թվականից «Նոր ժամանակներ» կուսակցության անդամ էր։

Նշենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրացվել է կորոնավիրուսի 2241 նոր դեպք։ Ընդհանուր վարակվածների թիվը 82651 է։

Կորոնավիրուսից մահանալու դեպքերի թիվը չի նվազում. մեկ օրում 21 մարդ է մահացել