Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, թե ինչ հարցեր են քննարկվել արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 20-ին և 21-ին առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են անհետաձգելի հարցեր` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմաններ ստեղծելու հետ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Լավրովը նշել է, որ փորձում են Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմ ստեղծել

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Զոհրաբ Մնացականյանը Մոսկվա է մեկնել այս գիշեր։