Այս պահին արյուն հանձնելու կարիք չկա. ԱՆ-ն շնորհակալություն է հայտնում կամավորներին

Կամավորների պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ` հնարավոր դարձավ շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի –Sputnik. Այս պահին արյուն հանձնելու կարիք չկա։ Առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն արդեն ապահովված է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Եթե պետք է, կպաշտպանի հայրենիքը․ Լևոն Արոնյանը վերադառնում է Հայաստան

«Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր այն կամավորներին, ովքեր արագ արձագանքեցին և հաշված րոպեների ընթացքում կատարեցին արյունատվություն` առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն ապահովելու համար:
Մեր կամավորների պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ` հնարավոր դարձավ շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը։ Տեղեկացնում ենք, որ այս պահին դրա կարիքը այլևս չկա»,–գրել է նա:

Նա կրկին շնորհակալություն է հայտնել կոչերին հետևողական լինելու և մշտապես աջակցելու համար:

Նշենք, որ առողջապահության նախարարությունը պարբերաբար հայտարարություն է տարածում մարտական գործողություններից վիրավորվածների համար այս կամ այն կարգի արյան անհրաժեշտության մասին։ Քաղաքացիներն արագ արձագանքում են և կարճ ժամանակում Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մոտ հերթեր են գոյանում։

Մեծավանցի երեխաները բանակի համար 68000 դրամ են հավաքել ու տարել համայնքապետարան․ լուսանկար