Մենք չենք կարող զանգել ԼՂՀ և աջ ու ձախ հրամաններ տալ․ Մնացականյան

ՀՀ արտգործնախարարը շեշտել է, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը երկրի անվտանգության ապահովման կարևոր միջոցն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղին բացառել հնարավոր չէ, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, նրա բնակչությանը, որն էլ երկրում իշխանություն է ընտրել: Ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ ինչ գնահատական էլ որ հնչեցնի ադրբեջանական քարոզչությունը, իրողություններ գոյություն ունեն և բոլորը գիտեն, որ Ղարաբաղն ունի իր խոսքը։

Զինադադարի պայմանավորվածությունը կորցնելը վտանգավոր է. Մնացականյանի հարցազրույցը РБК–ին

«Այն, որ Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ չէ, չի նշանակում, որ մենք չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ: Բայց, եթե որևէ մեկը ենթադրում է, թե մենք Ղարաբաղ ենք զանգում և աջ ու ձախ հրամաններ տալիս, ապա նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մեր փոխհարաբերություններում առկա իրողությունները։ Մենք չենք կարող Ղարաբաղին հրամաններ տալ, բայց կարող ենք աշխատել միասին։ Անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ մենք Երևանում կարող ենք առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության ինչ-որ բան լուծել, ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել և դա դնել բանակցությունների սեղանին»,-շեշտել է Մնացականյանը:

Արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը մշտապես փորձում է ստեղծված իրավիճակը ներկայացնել որպես «հայ-ադրբեջանական» հակամարտություն, որում Ղարաբաղն ընդհանրապես տեղ չունի: Բայց իրողություններն այլ են։

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը`արտգործնախարարը շեշտել է, որ այդ քայլը կդառնա երկրի անվտանգության ապահովման կարևոր միջոց:

Հայ-ադրբեջանական պատերազմ. Ռուսաստանի երեք տարբերակները

«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, մեր պատկերացմամբ, առաջին հերթին անվտանգության տևական, կայուն ու ամուր ապահովումն է, այնտեղ ապրող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովումը: Այս հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը: Այսօր մենք շատ բարդ իրավիճակում ենք, երբ Ադրբեջանը փաստացի գնում է հակամարտության ռազմական լուծման ճանապարհով, երբ նրանք փաստացի ոչ միայն ուժի կիրառման սպառնալիք են գործի դրել, այլ նաև հենց ուժ են կիրառել և մեծ հարված հասցրել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին»,- նշել է նախարարը:

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում բանակցային ձևաչափի անփոփոխելիության վերաբերյալ պայմանավորվածության ձեռք բերումը Զոհրաբ Մնացականյանը համարել է Մոսկվայում կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան