2020թ.–ին տնտեսական անկումն ավելին կլինի, քան սպասվում էր. ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի

ԱԺ արտահերթ նիստը հրավիրվում է կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում ՀՀ պետական բյուջեի փոփոխությունն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության նախաձեռնությամբ` հոկտեմբերի 6-ին մեկնարկելիք ԱԺ հիմնական նիստի ավարտից հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Նիստի օրակարգում է ՀՀ պետական բյուջեի փոփոխությունների նախագիծը։ Բանն այն է, որ կառավարության վերանայման արդյունքում 2020թ–ին տնտեսական անկումն ավելին կլինի, քան նախատեսված է բյուջեով։

Ընդ, որում, եթե մինչ այդ տնտեսական անկման հիմնական պատճառը կորոնավիրուսի հետևանքվ ՀՀ–ում առաջացած տնտեսական ճգնաժամն էր, ապա այժմ դրան ավելացել է նաև Արցախում ու Հայաստանի սահմաններում մղվող պատերազմը, Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը։

Կառավարության հաշվարկով` ռազմական գործողությունների հետևանքով 2020թ–ի ավարտին սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:

ՀՀ տնտեսությունն այնքան էլ վատ վիճակում չէ. որը պետք է լինի պետության միակ անելիքը

«Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների ու ռիսկերի աճ: Արդյունքում` 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց»,– ասված է կառավարության որոշմամբ ԱԺ ներկայացված նախագծի հիմնավորումներում։

Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը տարեվերջին. կանխատեսում են մասնագետները

Բացի այդ` տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետևաբար տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ շուրջ 0.3 տոկոսով։

Կանխատեսվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով:

Կառավարությունը կանխատեսում է նաև, որ անկման հետևանքով կաճի ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը` հասնելով 67%-ի՝ հատելով 60% սահմանային շեմը:

Բյուջեի փոփոխությունների վերոհիշյալ առաջարկը, կառվարության մեկնաբանության համաձայն, ուղղված է ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելուն, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելուն, ինչպես նաեւ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակին։

Ի՞նչն է ավելի կարևոր՝ մարդկային կյա՞նքը, թե՞ տնտեսության զարգացումը

Հիշեցնենք` այս տարվա ապրիլի 29-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին` կառավարության առաջարկած նախագիծը:

Դրանով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաշվարկով` 2020 թվականի բյուջեով նախատեսված տնտեսական 4.9 տոկոս աճը փոխարինվել էր 2 տոկոսանոց անկմամբ: