Հայտնի բանաստեղծ, Ռուսաստանի գրողների պրոֆմիության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Սերգեյ Բուլիչովը Ռուսաստանի հայերի խմբի հետ պատմական հայրենիք է եկել։ Բանաստեղծի հայրը հայ է` Գուրգեն Մարտիրոսյանը։
Դեռ ինքնաթիռի մեջ գրողն ասմունքել է Արցախին նվիրված իր նոր բանաստեղծությունը։ Տեսանյութը հրապարակվել է Armenian Assembly–ի Facebook–յան էջում։
Բուլիչովը ոգևորությամբ ասում է. «Արցախը հայերի հողն է, նրա մեջ իմ ոգին ու հայրենիքն են, նրա մեջ հայի հավատքի ուժն է...»: Հետո ավելացնում է. «Արդեն պատմաբաններն են սկսել ստել, որ դրանք հայերի հողերը չեն, և իմ հայկական արյունը եռաց։ Առավել ևս, որ ես պատմություն գիտեմ։ Արյունս եռաց, ու ես սկսեցի գրել Հայաստանի մասին»։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։
Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Արցախ են մեկնել նաև «Կարմիր բերետներ-5165» կամավորական ջոկատի տղաները. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ–ի հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։