Մարտունիում զոհվածները տատ ու թոռ են. թոռնիկն 9 տարեկան էր

Այս պահին հակառակորդը շարունակում է ինտենսիվ կրակ վարել շփման գոտու երկայնքով։ Պաշտպանության բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Արցախի Մարտունու շրջանում զոհվածները տատ ու թոռ են. թոռնիկն 9 տարեկան աղջիկ էր։ Տեղեկությունը այսօր կայացած ճեպազրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա տեղեկացրեց, որ այս պահին հակառակորդը շարունակում է ինտենսիվ կրակ վարել շփման գոտու երկայնքով։ Պողոսյանը հերքեց ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը, թե Ադրբեջանի ԶՈՒ–ին հաջողվել է մի քանի բնակավայր գրավել։

4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ. ադրբեջանական ԶՈւ–ն մեծ կորուստներ ունի

«Պաշտպանության բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը»,– հայտարարեց Պողոսյանը։

Արցախի Հանրապետության նախագահի վերահսկողությամբ իրականացվում են բոլոր աշխատանքները` թե՛ քաղաքացիական բնակչության հետ կապված, թե՛ տնտեսության և թե՛ ռազմական գործողությունների մասով։

«Իրավիճակը վերահսկելի է», – վստահեցրեց Պողոսյանը` հավելելով, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն, որ այս իրավիճակը պատվով հաղթահարեն։ Նրա խոսքով` ժողովրդի շրջանում խուճապ չկա, թեպետ հիմնականում բոլորն այս պահին ապաստարաններում են, քանի որ հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանն ու դա անում է «ամենայն լկտիությամբ»։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Անհրաժեշտ է լրացնել արյան պահուստային քանակը. ԱՆ–ն դոնորության կոչ է անում

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են: