Մեզ պե՞տք է կինոյի մասին օրենք, կամ ինչպես կարելի է դուրս գալ «Հայֆիլմի» ստվերից

ՀՀ–ում առաջին անգամ կինոյի մասին օրենք կընդունվի։ Թեև ոլորտը տարիներ շարունակ պետական աջակցություն էր ստանում, բայց ըստ էության ինքն իրենով էր ապրում։ Լուրջ ձեռքբերումների մասին խոսել հնարավոր չէ, շատերի համար հայկական կինոն մնացել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ստվերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Տասնամյակներ շարունակ տարբեր կարծիքներ էին հնչում` արժե՞ կինոյի մասին օրենք ունենալ, թե՞ ոչ, ի՞նչ կտա այդ օրենքը կինոարտադրությանը, իսկապես կնպաստի՞ ոլորտի զարգացմանը, կկիրառվի՞ գործնականում, քանզի գաղտնիք չէ, որ արվեստը օրենքով չի կարգավորվում։

«Կինոն՝ բեմի վրա»․ ինչպես են կինոսերներն օգնելու «Մոսկվա» կինոթատրոնին

«Ինքներդ մտածեք` արդյոք թատրոնի կամ նկարչության կամ միջուկային ֆիզիկայի մասին օրենք պե՞տք է։ «Կինեմատոգրաֆիան» ընդհանուր հասկացություն է, տվյալ դեպքում պետք է հասկանալ, որ խոսքը բացառապես կինոարտադրության մասին է, ոչ թե արվեստի։ Արվեստն օրենքներին չի ենթարկվում, նույնիսկ հակառակը` խախտում է դրանք», – կարծում է կինոգետ, «Ֆիլմադարան» հիմնադրամի ղեկավար Գարեգին Զաքոյանը։

Օրենքի քննարկման ժամանակ կարծիքները բաժանվեցին հենց առաջին փուլում` տերմինները սահմանելու։ Էլ չասենք, որ ոմանք դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չէին տեսնում։

Ում պատճառով «ջնջեցին» Ֆրունզիկին, կամ ինչ «առակ» է պտտվում Լևոն Տեր–Պետրոսյանի մասին

«Մեկենասության, ինչպես նաև ընդհանուր առմամբ արվեստի և ոչ թե մասնավորապես կինեմատոգրաֆիայի ոլորտում աշխատող ֆիզիկական ու իրավաբանական անձանց աջակցության տրամադրման ու հարկային արտոնությունների մասին ընդհանուր օրենք է պետք», –Զաքոյանի միտքը շարունակում է կինոքննադատ, «Ծիրանի ծառ» կինոփառատոնի ծրագրային տնօրեն Արթուր Վարդիկյանը։

Որոշ փորձագետներ էլ խնդրահարույց են համարում «ազգային կինո» կարգավիճակի սահմանումը, որի առկայությունը որոշակի արտոնություններ է տալիս ֆիլմերին։

Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները

Խնդիրն այն է, որ փոփոխվող աշխարհում «ազգային կինո» տերմինը գնալով ավելի հարաբերական ու ոչ միանշանակ է դառնում։ Գործնականում ոչ միշտ է հասկանալի` արդյոք այս կամ այն ֆիլմը ազգային կինոյի նմուշ է, թե ոչ, իսկ դրանից, այնուամենայնիվ, կախված կլինի նրա ճակատագիրը։

Օրենքի գլխավոր առավելություններից մեկը փորձագետները համարում են ԵՄ–ի «Մեդիա» ենթածրագրին (որն ուղղված է մշակութային, ստեղծարար և աուդիովիզուալ հատվածի աջակցությանը) ինտեգրվելու հնարավորությունը կամ անհրաժեշտությունը։

Օրենքի հեղինակները նշում են, որ այն բարենպաստ պայմաններ կստեղծի օտարերկրյա ներդրումների համար ( մասնավորապես ՀՀ տարածքում ֆիլմարտադրության դեպքում` մոտավորապես ոչ պակաս, քան 100 մլն դրամ), ֆիլմի պրոդյուսերը կարող է սերտիֆիկատ ստանալ, որը կնվազեցնի ֆիլմարտադրության հետ կապված որոշ ծառայությունների արժեքը։

«Անկախության տարիներից ի վեր, երբ փլուզվեց ողջ համակարգը, մենք տեսանք, թե հայկական կինոն` որպես արտադրական մեխանիզմ, որքան չկայացած է, և ժամանակի ընթացքում փոխառեցինք մի մոդել, որը մոտ է համատեղ արտադրությանը, բախվեցինք մի շարք խնդիրների, մեր իրավաբանական ներուժը չէր բավականացնում, իսկ հիմա ներդրողների մակարդակը Հայաստանի նկատմամբ, անկասկած, այլ կլինի», – կարծում է կինոքննադատ, հեռուստահաղորդավար Րաֆֆի Մովսիսյանը։

Մի կյանքը չի հերիքի. վրացի ռեժիսորը փող է հավաքում Փարաջանովի մասին ֆիլմ նկարելու համար

Օրինագծի հեռանկարների մասին խոսելիս` կինոգործիչները նախևառաջ մեջբերում են Ֆրանսիայի, Լեհաստանի, Գերմանիայի, հարևան Վրաստանի և նույնիսկ հեռավոր Վենեսուելայի միջազգային փորձը։

«Հայաստանում կինոարտադրությունը աշխատելու է մի մոդելի հիման վրա, որը ցույց է տվել իր արդյունավետությունը Եվրոպայի մի շարք երկրներում, իսկ անկախ մարմինը` ժյուրին, եռակողմ համակարգելու է հոգաբարձուների խորհուրդը։ Բացի այդ, ժյուրիի կազմում արտասահմանյան մասնագետ կներգրավվի», – նշում է ռեժիսոր, պրոդյուսեր, Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբի (IFCA) համահիմնադիր Վիկտորյա Ալեքսանյանը։

Ակնհայտ է, որ նորմատիվային օրենքի առկայությունը որպես գաղափար ցանկալի է, սակայն նույնքան ակնհայտ է, որ այն լրացուցիչ փոփոխությունների կարիք ունի։ Նման հնարավորություն դեռ կա, օրինագիծն ԱԺ–ում ընդունվել է միայն առաջին ընթերցմամբ և կարող է լրամշակվել։

Ինչ վերաբերում է ազգային կինոյի նոր ալիքի և վերելքի, օրենքի ընդունման հետ դրանց անմիջական կապի վերաբերյալ էյֆորիկ տրամադրություններին, ապա այդ հարցը բավականին վիճահարույց է։

1990-ականներից կինոարտադրության ավերակների վրա հայտնված ոլորտի մարդիկ հայրենական կինեմատոգրաֆիայի փրկությունը կապում էին արտաքին գործոնների հետ, լինի դա «Հայֆիլմ» կինոստուդիայի վերածնունդը, թե կինոյի մասին օրենքը։ Այն դեպքում, երբ հաջող կինեմատոգրաֆիա ունեցող երկրներում կինոյի մասին օրենքը զուտ լրացուցիչ գործոն է կինոյին աջակցելու համար, ոչ թե առանցքային։

Իսկ քանի դեռ մշակութային քաղաքականությունը, կրթական համակարգի խորքային խնդիրները լուծվում են կոսմետիկ ճանապարհով, կինոյի մասին օրենքը ևս կդառնա գեղեցիկ, գրավիչ հանգրվան, բայց ոչ փրկօղակ։