ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Գագիկ Ծառուկյանի թիմն առավել քան վստահ է եղել, որ դատարանն իրականացնելու է իրեն տրված քաղաքական հանձնարարությունը։ ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով` այն, որ Գագիկ Ծառուկյանը դատարան չի գնացել, այլ միանգամից ԱԱԾ է եկել, հենց այդ մասին է վկայում։
«Մեր հետագա քայլերի մասին վաղը կտեղեկացնենք»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ Ծառուկյանը բացարձակ ընկճված չէ, որովհետև գիտի՝ սա քաղաքական պատվեր է։
Նրա խոսքով՝ իշխանությունները հերթական անգամ «ոտքերը սրբեցին արդարադատության վրա և այս գործընթացում իրենց այս առաքելությունը փայլուն իրականացրին»։
Տոնոյանը խոստացավ՝ այս արածը չեն մարսելու։
Նա հավելեց՝ կառավարության հեռացումն օրհասական հարց է, դրա համար օգտագործելու են օրենքով ընձեռված բոլոր գործիքները։ Տոնոյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժը ցայտնոտի մեջ չէ, հավասարակշռված են գործելու։
Թեպետ իրենց քաղաքական առաջնորդը կալանավորված է, բայց բոլոր հանձնարարականները ստացել են, գործելու են իրենց ճանապարհային քարտեզով։
Հիշեցնենք` րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց որոշումը, որով բավարարվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ–ի միջնորդությունը։
վաղ առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դռնփակ նիստում ընթանում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Այն տևեց 7 ժամ։
«Պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը». պաշտպան
ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։
Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։
Հունիսի 30-ին պարզվեց, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Վերջին դատական նիստերին նա չէր գալիս։
Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն. Ծառուկյան