Դավթաշեն թաղամասի նորակառույց շենքի բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը փաստաթղթերում այլ ձևակերպում է ստացել, իրականում դրանից կրկնակի թանկ է վաճառվել, արդյունքում՝ պետությանը մի քանի միլիոն դրամի վնաս է պատճառվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ տվյալների՝ 2012-2013 թվականներին ՍՊԸ-ներից մեկի տնօրինությունը, նպատակ ունենալով չվճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը, հարկային 8 հաշիվներում ակնհայտ կեղծ տվյալներ է գրանցել։
«Մասնավորապես, մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի Միկոյան փողոցում կառուցված բազմաբնակարան բնակելի համալիրի բնակարանների վաճառքի ընթացքում հարկային հաշիվներում 1 քմ-ի արժեքը ձևակերպվել է 162 000-171 000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավտոկայանատեղիների 1 քմ-ի արժեքը՝ 60 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Սակայն փաստացի բնակարանների 1 քմ-ն վաճառվել է 740-980 ԱՄՆ դոլարին համարժեք, իսկ ավտոկայանատեղիները՝ յուրաքանչյուրը՝ 15 000 ԱՄՆ դոլարով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ի՞նչ են թաքցնում ՀԴՄ կտրոնների ցուցանիշները. Փաշինյանի լավատեսությունն ու իրական պատկերը
Ոստիկանության հաղորդմամբ՝ արդյունքում թաքցվել է ընկերության 119 910 227 դրամի շրջանառությունը և չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 39 973 273 դրամի հարկ։
Հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասով։ Գործը նախաքննության իրականացման համար ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:
Պետությանը 200 մլն դրամի վնաս է պատճառվել. ՊԵԿ-ի նոր բացահայտումը