Դատարանը որոշել է կալանավորել Միքայել Մինասյանի մտերիմներից մեկին. նոր փաստեր

ՊԵԿ քննչական մարմնի միջնորդությամբ կալանավորման ներկայացված անձը հանդիսացել է Միքայել Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից բացի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարվել է նաև նրա մտերիմ անձանցից Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Միքայել Մինասյանին կկալանավորեն. դատարանը բավարարել է միջնորդությունը

Այս մասին ի հավելումն մամուլում արդեն հայտնած տեղեկությունների՝ հայտնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեից։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ Միքայել Մինասյանը կատարել է իր մտերիմ անձանցից Լեոնիդ Էդուարդի Արևշատյանի օժանդակությամբ, որը հանդիսացել է Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարն ու դրանց գործունեության կոորդինատորը:

Արևշատյանը քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացումը), 310-րդ (պաշտոնատար անձի կողմից օրենքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը) և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), ինչպես նաև 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը)։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մի դատավորից մյուսի ձեռքն է անցնում

Հիշեցնենք` Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում միանգամից 3 հոդվածով`ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Մինասյանը գտնվում է հետախուզման մեջ։