Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր. ինչ է խոստացել նա իրեն մոտեցած լրագրողներին

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik.ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության տոնի առթիվ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը զինվորականների ու ազատամարտիկների է պարգևատրել

Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք մատուցեց Հայրենիքի համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և նահատակված բոլոր նվիրյալ հայորդիների հիշատակին:

ՀՀ երրորդ նախագահը ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ծաղկեպսակ դրեց զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Եռաբլուրում լրագրողները Սերժ Սարգսյանին խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե բանակցություններ գոյություն չունեն, և որ նա դրանում մեղադրում է Հայաստանի իշխանություններին: Սերժ Սարգսյանը խոստացավ այդ հարցին պատասխանել ավելի ուշ:

Ինչ ունենք անկախությունից 29 տարի անց. Քոչարյանի և Սարգսյանի շնորհավորանքն ու տեսլականը

«Շուտով ձեզ կհրավիրենք ասուլիսի և կպատասխանենք ձեր բոլոր հարցերին»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատերազմի վտանգ տեսնում է, նա նույնպես խոստացավ անդրադառնալ առաջիկա մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք՝ պաշտոնաթողությունից հետո կազմակերպված առաջին ասուլիսի ժամանակ` այս տարվա օգոստոսի 19-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել էր բացառապես 2016թ-ի ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին: Բոլոր այլ հարցերին Սարգսյանը խոստացել էր պատասխանել հետագա ասուլիսների ընթացքում:

Սերժ Սարգսյանը նաև նշել էր, որ այսուհետ մտադիր է լրատվամիջոցների հետ հանդիպել պարբերաբար: Ընդ որում, հաջորդ ասուլիսի թեման, նրա որոշմամբ, լինելու է արցախյան խնդիրը:

Պարզ է, չէ՞, որ Ալիևն ինքն իրեն չէր մեղադրելու. Դավիթ Տոնոյան