Խնձորների շարանը պոկեց ու փախավ «հանցագործության» վայրից. արջուկի հայաստանյան արկածները

Արջերի փրկության ծրագրի շրջանակում կենդանիները կենտրոն են բերվել տարբեր տեղերից՝ ռեստորաններից մինչև պանրի գործարան։
Sputnik

Արջուկներից մեկը փորձում է խնձորների շարանին հասնել, իսկ նրա ընկերը՝ չարաճճիի թիկունքն է պահում։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մամուլի ծառայությունը երկու արջուկների մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել։

Գորշ արջի զբոսանքը Սյունիքում. տեսանյութ

«Վերջապե՜ս հաջողվեց պոկել խնձորների շարանը և «փախչել հանցագործության վայրից» Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) արջերի առօրյան հագեցված է զբաղվածության տարբեր միջոցներով, ինչպես նաև համեղ և օգտակար սննդով»,- նշված է տեսանյութին կից։

Հիմնադրամից հիշեցնում են՝ արջերը հեշտությամբ են սովորում մարդու ներկայությանը և դառնում մարդամոտ՝ մասամբ կորցնելով վայրի կենդանուն բնորոշ բնազդները, ինչն էլ հեշտացնում է նրանց ընտելացնելու գործընթացը։ Հատկապես փոքր տարիքում, դեռևս ձագուկ ժամանակ մարդկանց տիրապետության տակ հայտնված արջերը, որոնք նաև սնունդ և ջուր են ստանում մարդու ձեռքից, գրեթե ամբողջությամբ կորցնում են իրենց բնազդները և չեն կարող միայնակ գոյատևել վայրի աշխարհում։

Քաշքշուկներ ու ինտրիգներ. ինչու է որսաշրջանի բացումը «հայոց հարց» դառնում Հայաստանում

«Ցավոք, այդպիսի արջերը ՀՀ տարածքում շատ են։ Կենդանիներն ինչ-ինչ պատճառներով հայտնվել են անազատության մեջ, կորցրել են իրենց բնական կարողությունները, դարձել են կախյալ մարդու «բարեհաճությունից»,- տեղեկացնում են հիմնադրամից ու հավելում, որ նրանցից շատերն այսօր արդեն իրենց փրկարար կենտրոնում են։

Տեսանյութի հերոս արջուկներն էլ նույն կարգավիճակով են փրկարար կենտրոն բերվել՝ մարդկանց կողմից չափազանց ընտելացված։ Նշվում է, որ կենդանիների և մարդկանց հետ շփումը չէր տարբերվում միմյանց հետ շփումից, ինչը վտանգում է թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց անվտանգությունը։

Փրկված Մխո և Մաշա արջերը քաղաքավարի դեղձ են ուտում. տեսանյութ

Նշենք, որ վայրի կենդանիների փրկարար կենտրոնում ապաստարան են ստացել Հայաստանի տարբեր մասնավոր տարածքների անբարենպաստ պայմաններից փրկված տասնյակից ավելի կարմիրգրքյան արջեր։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ իրականացվող Արջերի փրկության ծրագրի (The Great Bear Rescue) շրջանակներում նրանք կենտրոն են բերվել տարբեր վայրերից՝ ռեստորաններից մինչև պանրի գործարան։

Արջի քոթոթը սատկե՞լ է, թե՞ սպանել են. տեսանյութ դեպքի վայրից

Մասնագետներն ուսումնասիրում են յուրաքանչյուր արջի կարիքները, բնավորության գծերը, ֆիզիկական տվյալները և ընտրում հատուկ սննդակարգ, զբաղվածության տարատեսակ միջոցներ ու ապահովում բարձր տրամադրություն։

Հիմնադրամի տեղեկացմամբ՝ մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքներում շարունակում են «բանտարկված մնալ» շուրջ 20 արջ։ Նրանք մասնագիտական օգնության կարիք ունեն և սպասում են իրենց հերթին։