Քաղաքագետ Նարեկ Մինասյանի դիտարկմամբ`ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ցանկացած հանդիպումից առաջ կողմերը խնդիր ունեն հնարավորինս ամրապնդել իրենց դիրքերը, և եթե դիտարկենք միջնաժամկետ կտրվածքով վերջին իրադարձությունները, ապա կարելի է միանշանակ պնդել, որ առաջիկա հանդիպմանը հայկական կողմը մասնակցելու է շատ ավելի ամուր դիրքերից` հուլիսին Ադրբեջանի կողմից նախաձեռնված էսկալացիայի տապալման շնորհիվ, որովհետև հայկական կողմը բավականին հաջողությամբ չեզոքացրեց հակառակորդի սադրանքը` արձանագրելով նաև հստակ հաջողություններ։
«Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը ևս մեկ անգամ համոզվեց, որ ուժի սպառնալիքով բնականաբար չի կարող միակողմանի զիջումներ պարտադրել հայկական կողմին։ Պատահական չէ, որ ռազմական գործողություններից կարճ ժամանակ անց հայկական կողմը ներկայացրեց իր հստակ դիրքորոշումը իրավիճակի առթիվ, ինչպես նաև բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Մինասյանի խոսքով` Ադրբեջանում ստեղծվել է բավականին բարդ իրադրություն, հետևաբար սահմանային լարվածությունը, այն հանգամանքը, որ Գուրգեն Ալավերդյանը ներկայացվում է իբրև դիվերսանտ, իբր հայկական կողմը նախաձեռնել է դիվերսիոն ներթափանցում, որը տապալվել է, ցույց է տալիս, որ նմանատիպ քայլերով ու ապատեղեկատվություն տարածելով` Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր դիրքերը մի կողմից միջնորդների աչքերում, մյուս կողմից սեփական հանրության աչքերում, քանի որ հուլիսյան էսկալացիան խնդիրներ ստեղծեց Ալիևի համար նաև երկրի ներսում։
Տեղեկություններ կան, որ օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ են տեղափոխվել Ադրբեջան. Մնացականյան
«Ալիևի ավտորիտար համակարգն այլևս չի կարողանում արդյունավետորեն գործել, ուստի բավական ակտիվ քարոզչական աշխատանք է իրականացնում ու փորձում տարբեր ձևաչափերով ցույց տալ, թե իբր հայկական կողմը ապակառուցողական է, Երևանի առաջ քաշած յոթ կետերը ներկայացնելով որպես նախապայման, պնդելով, որ իրավիճակի դեէսկալացիային խոչընդոտում է հայկական կողմը, սակայն հայկական կողմը հստակ արձագանքում է հակառակորդի մեղադրանքներին թե՛ ՊՆ, թե՛ ԱԳՆ մակարդակով»,– նշեց քաղաքագետը։
Մինասյանի գնահատմամբ` պաշտոնական Երևանը պետք է հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի հակառակորդի քայլերը հնարավորինս ճնշվեն, քանզի Ադրբեջանի կողմից իր սահմանային դիրքերի ամրապնդմանը հաջորդելու են այլ սադրանքներ։
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ և առաջիկա շաբաթվա ընթացքում նրանց հետ հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերել: Հաղորդվում է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերի 14-ին Փարիզում ինտենսիվ խորհրդակցություն են վարել, որոնց մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ։