Խմիչքի ազդեցության տակ է եղել. Արտաշատում 39-ամյա տղամարդու սպանությունը բացահայտված է

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Սպանության հանգամանքները պարզվում են։
Sputnik

Արտաշատում 39-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է։ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սպանությունը կատարել է 36-ամյա համաքաղաքացին։

Սպանություն Լոռու մարզում. «Բիոնիկի» պահակի դին հայտնաբերել է կինը

«Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Արտաշատի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ, նախնական տվյալներով՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Արտաշատի Իսակովի փողոցում վիճել էր 39-ամյա տղամարդու հետ ու դանակով խփել նրա որովայնին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքից ժամեր անց իրավապահները հայտնաբերել են կասկածյալին։ Նա բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։ Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել:

Երկու կալանավոր մի շարք վնասվածքներ են ունեցել. մանրամասներ «Նուբարաշենի» դեպքից

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Սպանության հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի լույս 9-ի գիշերը՝ ժամը 03.45-ին, շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշատի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել։

«Որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 39-ամյա տղամարդու։ Մոտ երեք ժամ անց նա, գիտակցության չգալով, մահացել էր։

Սահմռկեցուցիչ սպանություն Երևանում. եղբայրը գլխատել է քրոջը

Ինչպես տեղեկացրել էինք, մահացած անձը Արտաշատ քաղաքի 39-ամյա բնակիչ Արմեն Գասպարյանն է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝ որտեղ է տեղի ունեցել դեպքը, և հայտնաբերել կասկածյալին՝ Արտաշատ քաղաքի բնակիչ 36-ամյա Դավիթ Վարդանյանին։

Ըստ Shamshyan.com -ի`ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև հանցագործության գործիք դանակը։ Իսկ Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում հայտնաբերվել էին Opel Zafira մակնիշի ավտոմեքենա, որի վրա կային վնասվածքի հետքեր։ Այն պատկանում է սպանությունը կատարած Դ․ Վարդանյանի հորը, իսկ մեքենան լինգով վնասել էր սպանվածի հայրը։