Հագուստի վաճառքով զբաղվողների բողոքի առնչությամբ ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել

Առևտրականները բողոքում են հագուստի մաքսազերծման նոր կարգից։ ՊԵԿ–ը պարզաբանում է` առևտրականները հրաժարվել են հանդիպել ու քննարկումները շարունակել խնդրի առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ դեռևս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության  պետ Կարեն Բաբայանը: Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել` անդրադառնալով այսօր կառավարության առջև տեղի ունեցած բողոքի ակցիային։

Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Նշենք, որ կառավարության շենքի մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ փոքր և միջին տնտեսվարողներ։ Նրանք պահանջում էին չեղարկել այս տարվա սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, որով նոր պայմաններ էին սահմանվել հագուստի ներկրման համար։

«Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով»,–նշված է ՊԵԿ–ի պարզաբանման մեջ։

ՊԵԿ–ը հայտնում է, որ նախօրեին մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները և հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները: Սակայն քաղաքացիները, ըստ պարզաբանման, քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից և փոխարենը նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ։

ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ։

Բողոքի ակցիա ԱԺ–ի դիմաց. ՀՀ քաղաքացիները պահանջում են բացել ՌԴ–ի հետ սահմանը

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր չափորոշիչներ։ Ըստ այդմ՝ ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այսինքն` այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ` հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ըստ այդմ էլ կսահմանվի ապրանքի մաքսազերծման գին։ Առևտրականների խոսքով` նոր կանոնակարգով առաջնորդվելով` իրենց ապրանքների մաքսազերծման գները 6 անգամ կբարձրանան։ Սա էլ, ըստ առևտրականների կազդի հագուստի գների և իրենց հետագա գործունեության վրա։