«Փրկիր կյանքը». ՀԿԵ-ն վարորդներին հիշեցրել է անվտանգության կանոնների կարևորության մասին

Հանրապետությունում առկա են շուրջ 25 չթույլատրվող երկաթուղային անցումներ, որոնք սպառնում են գնացքների երթևեկության անվտանգությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Այս տարվա առաջին 8 ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղում» գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների և վրաերթերի 10 դեպք, այդ թվում` կամուրջներից գծերի վրա ավտոմեքենաների ընկնելու 2 դեպք: Լուրը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` հավելելով, որ սեպտեմբերի 9-ին երկաթուղում ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով անցկացվել է «Փրկիր կյանքը» անվտանգության ակցիան։

ՀԿԵ-ի աշխատանքի հետ կապված տարաձայնությունները վերացված են. ՌԴ տրանսպորտի նախարարություն

Ակցիայի շրջանակում տրանսպորտային միջոցների վարորդներին երկաթուղային գծանցներում բաժանվել են անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական նյութեր:

«10-ամյա աշխատանքի ընթացքում ՀԿԵ-ում ավելացել է առանց կանգառների ընթացող գնացքների թիվը, գնացքների արագությունն աճել է 2,4 անգամ, քաշը՝ 34%-ով, երթևեկության ինտենսիվությունը՝ 7%-ով: Եվ ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում միշտ հիշել՝ գնացքը կանգնեցնելը ժամանակ է պահանջում, իսկ կյանքը կանգնեցնելու համար ընդամենը մեկ վայրկյան է անհրաժեշտ»,- ասել է ՀԿԵ գնացքների երթևեկության անվտանգության գծով գլխավոր վերահսկիչ Սերգեյ Հարությունյանը:

ՀԿԵ-ի աշխատանքի հետ կապված տարաձայնությունները վերացված են. ՌԴ տրանսպորտի նախարարություն

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում կա 103 երկաթուղային գծանց, որից 30-ը՝ կարգավորվող, 73-ը՝ չկարգավորվող (այդ թվում` 4-ը ավտոմատ կարգավորվող): Բացի այդ, առկա են շուրջ 25 չթույլատրվող անցումներ, որոնք սպառնում են գնացքների երթևեկության անվտանգությանը:

ՀԿԵ–ն լուծում է առաջարկում սեպտեմբերին բեռնափոխադրման խնդիրները բացառելու համար

Միայն ընթացիկ տարում, երկաթուղու աշխատողների օպերատիվ գործողությունների շնորհիվ, հնարավոր եղավ կանխել գնացքների երթևեկության անվտանգության վրա արտաքին վտանգավոր ազդեցությունների ավելի քան 250 դեպք:

Հիշեցնենք, որ ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:

Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: