Քանի հայի են կարողացել հայրենիք վերադարձնել համավարակի ընթացքում. զրույց հյուպատոսի հետ

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի «Sputnik զրույց» հաղորդաշարի շրջանակներում ներկայացրել է Վերին Լարսի անցակետում մնացած ՀՀ քաղաքացիների հետ տարվող աշխատանքները, անդրադարձել նաև այլ թեմաների։
Sputnik

Վերին Լարսի անցակետի տարածքում մնացած ՀՀ 23 քաղաքացիներից 19-ն այս պահին դեռ շարունակում են սպասել Հայաստան վերադառնալու հնարավորության` հրաժարվելով ինքնաթիռի տոմս գնելու ու օդային ճանապարհով Հայասատան հասնելու` հյուպատոսական ծառայության առաջարկից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը։

«Մեր քաղաքացիների պահանջը եղել է կազմակերպել անվճար վերադարձ, և իրենց մեքենաների վերադարձը ևս կազմակերպել անվճար»,– ասաց նա։

Ասոյանի խոսքով` ՀՀ քաղաքացիները պարբերաբար կազմակերպվող կանոնավոր չվերթերով Ռուսաստանից Հայաստան հասնելու հնարավորություն ունեն ՌԴ հարավային տարածաշրջանի 4 օդանավակայաններից` Սոչի, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Մինվոդի։

ՀՀ քաղաքացիները մնացել են Վերին Լարսում, նրանց շարքում կանայք և երեխաներ կան․ մանրամասներ

Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին Հայաստանի 23 քաղաքացիներ հայրենիք հասնելու համար որպես ավելի էժան տարբերակ ընտրել էին ցամաքային ճանապարհը, բայց բախվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով փակված Վրաստանի  սահմաններին` մնալով Վերին Լարսի անցակետի տարածքում։

Կորոնավիրուսի համավարակի ամբողջ ժամանակահատվածում մինչ օրս հատուկ չվերթերով Ռուսաստանի հարավային տարածաշրջանից Հայաստան է տեղափոխվել շուրջ 6000 քաղաքացի, որոնցից 700–ը` անվճար։

Վարդան Ասոյանը հայտնեց, որ համավարակի բռնկման ու Ռուսաստանում հայտարարված կարանտինի հետևանքով այս մարդիկ մարտ–ապրիլ ամիսներին ուղղակի մնացել էին փողոցում` մեկ օրում զրկվելով աշխատանքից ու ապրուստի միջոցներից։

Լարսում մնացած հայերից 3-ը Երևան կմեկնեն Մինվոդիից, տոմսերը հյուպատոսն է գնել

Այսօր իրավիճակը, Վարդան Ասոյանի խոսքով, այն չէ, ինչ ամիսներ առաջ էր։

Ինչ վերաբերում է Հայաստանից Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին, Ասոյանը հիշեցնում է, որ օտարերկրյա  քաղաքացիների մուտքի արգելքը Ռուսաստան դեռ պահպանվում է, բայց հայկական կողմը տարբեր ձևաչափերով բանակցում է ՀՀ քաղաքացիների մասով  արգելքը վերացնելու ուղղությամբ։

Թե երբ բանակցություները կտան սպասված արդյունք, Վարդան Ասոյանը դժվարացավ ասել` հավելելով, որ դա կախված է կորոնավիրուսի համավարակի ընդհանուր վիճակից։