Ավտոմեքենայի յուղերը թաքցրել են ցորենի թեփի պարկերի տակ. ՊԵԿ–ը քրեական գործ է հարուցել

Կեղծ փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներմուծվել 6000 լիտր ավտոմեքենայի շարժիչային յուղ։ ՊԵԿ աշխատակիցները մաքսային զննության արդյունքում հայտնաբերել են ապօրինի ներկրվող ապրանքը։
Sputnik

Պետական եկամուտների կոմիտեի hետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է տնտեսական հանցագործության հերթական դեպքը։ 

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից, փաստաթղթերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով բեռնատար ավտոմեքենայով փորձ է արվել կազմակերպել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչային յուղի ներկրում։

ՊԵԿ պաշտոնյաները հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում. ՀՔԾ–ն մանրամասներ է հայտնում

Ա.Պ.-ի կողմից վարվող «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան  մուտք է գործել ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որտեղ համապատասխան ձևակերպումներ ստանալու նպատակով վարորդի կողմից ներկայացվել է կեղծ հաշիվ ապրանքագիր: Կեղծ ապրանքագրերով  Ռուսաստանի Դաշնությունում  գնված և ՀՀ տեղափոխվող ավտոյուղը ներկայացվել է իբրև արևածաղկի հիդրոֆուզ (յուղային մզվածք)։

Ավտոմեքենայում կատարված հետազոտման արդյունքում, սակայն, ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերվել են ցորենի թեփի պարկերի տակ թաքցված ավելի քան 6 000 լիտր «SINTEC», «GAZPROMNEFT», «ROSNEFT» և «ROLF» տեսակի շարժիչային յուղեր։

Բեռնատարն  ու ապրանքներն առգրավվել են։

Բժշկական որոշ ապրանքներ արտահանելիս ՊԵԿ թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։