Վրաերթ Երևանում. 73-ամյա տղամարդը տեղում մահացել է

24-ամյա վարորդը, տղամարդուն վրաերթի ենթարկելուց հետո, շղթայական ՃՏՊ–ի պատճառ է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Երեկ երեկոյան Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. 73-ամյա տղամարդը տեղում մահացել է. գրում է Shamshyan.com–ը։

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 2 կին են մահացել

Ժամը 22:30-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների հատման թունելի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 73-ամյա Վազգեն Դարբինյանին: Դեպքի վայր ժամանակ ոստիկանները պարզել են, որ վրաերթից հետո Suzuki-ն առաջ է ընթացել, բախվել մեկ այլ ավտոմեքենայի, նշված ավտոմեքենան էլ առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, իսկ վերջինս բախվել է 4–րդ ավտոմեքենային։

Քննիչներն ու ճանապարհային ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Արտաշես Գասումյանը, որը հայտնաբերվել և քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ալկոհոլ օգտագործած է եղել:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։