«Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն կալանավորելով` գործը փակուղի կմտնի». փաստաբան

Կարեն Խաչատրյանի պաշտպանը Գագիկ Խաչատրյանի եղբորորդու նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացրեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։

Գագիկ Խաչատրյանի փաստաբանները նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել

Այսօր ընթացող դատական նիստի ժամանակ Խաչատրյանների պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց Կարեն Խաչատրյանի նկատմամբ կալանքից բացի այլընտրանքային խափանման միջոց կիրառել։

«Կարեն Խաչատրյանի գործով նախաքննությունը տևել է 8 օր և մինչ օրս նրա հետ ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել։ Նրա խնամքի տակ է գտնվում նաև թոշակառու մայրը։ Բացի այդ, այս գործը կոչվում է Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու, ինչը նշանակում է, որ եթե Կարեն Խաչատրյանը կալանավորվի, ապա գործը փակուղի կմտնի»,–ասաց Մակինյանը։

Նրա խոսքով` Գագիկ Խաչատրյանը, ծանր առողջական վիճակից ելնելով, առաջին իսկ դատական նիստից չի կարողանում մասնակցել դրանց։ Մակինյանը համոզված է, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը դրական դինամիկա չի գրանցի առաջիկայում, քանի որ արդյունավետ բուժում չի իրականացվում։ Պաշտպանը հիշեցրեց` դատական նիստերի անցկացման համար ամբաստանյալի մասնակցությունը դրանց պարտադիր է։ Սա նշանակում է, որ եթե Կարեն Խաչատրյանը կալանավորվի, իսկ Գագիկ Խաչատրյանը չկարողանա նիստերին մասնակցել, ապա Կարեն Խաչատրյանը երկար ժամանակ ուղղակի կմնա կալանքի տակ։

 

Օրացույց առանց երեքշաբթիների․ Քոչարյանն անհեթեթ է համարում իր հասցեին հնչած մեղադրանքները

Գործով դատախազ Էդգար Արսենյանը առարկեց միջնորդությունը` նշելով, որ Կարեն Խաչատրյանի կալանավորումն իրավաչափ կլինի։

Ի դեպ, Կարեն Խաչատրյանը նիստին մասնակցում էր։ Նրա կալանքի մասին որոշումը դատարանը կհայտնի այսօր, ժամը 18-ին։

«Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետին չեն կալանավորի. դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ): Նա կալանքի տակ է շուրջ 11 ամիս, առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ և ՀՀ ֆինանսների նախարարության ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է Գագիկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրան պատկանող գույքի վրա դրվել է կալանք:

Որոշումը կբողոքարկվի. Գագիկ Խաչատրյանի պաշտպանները համաձայն չեն դատարանի հետ

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 դրվագով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։