11 մահվան դեպքից մեկը ժխտվել է. ԱՆ խոսնակը մանրամասներ է հայտնել Արմավիրի թունավորումից

Թունավորման հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրանցից 2-ը միացված է արհեստական շնչառության սարքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Համաճարակաբանական նախնական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետ կապված` նախապես հայտարարված 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է, քանի որ վերջինիս մահը վրա է հասել այլ պատճառից: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշել է, որ Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում:

«2-ը գտնվում են Արմենիա ՀԲԿ-ում, 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրանցից 2-ը միացված է արհեստական շնչառության սարքին: Թունավորման կասկածով Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող պացիենտը բուժօգնության է դիմել օգոստոսի 30-ին: Այժմ պարզվում է վերջինիս թունավորման կապը ներկա դեպքերի հետ»,–գրել է Նկողոսյանը:

Նշենք, որ բոլոր տուժածներն օգտագործել են ոչ գործարանային արտադրության օղի, որն էլ կարող է հանդիսանալ է թունավորման հավանական աղբյուր:

Լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է ալկոհոլային խմիչքի 2 նմուշ՝ բաղադրությունը ճշտելու նպատակով:

Հիշեցնենք` օգոստոսի 31-ին «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի Լերմոնտով, Շիրազի և Բաղրամյան փողոցների 5 բնակիչ:

Արմավիրում թունավորվել են անհայտ ծագման խմիչքից. 2 մարդ մահացել են, 3-ը՝ հոսպիտալացվել

Պարզվել է, որ նրանք ձեռք են բերել անհայտ ծագմամբ ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: Բուժօգնության դիմած 5 անձանցից 2-ը հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել են:

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ:

Նրանցից 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս ևս մահացել են, 1 պացիենտ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում։

Թունավորման կասկածով 1 պացիենտ էլ գտնվում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

11 մարդու մահվան պատճառը տեխնիկական ծագման սպի՞րտն է. մանրամասներ, լուսանկարներ

Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ կրկին նույն ախտանշաններով։ Նրանք ևս մահացել են:

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:

ՔԿ տվյալներով` նա վաճառել է 30 լիտր ալկոհոլային խմիչք, որի հայտնաբերման ու գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում:

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, ՔԿ–ն հորդորում է չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: