Արմավիրում թունավորումից մահացածներից 2-ը քաղաքապետարանի աշխատակիցներ էին

Ընդհանուր առմամբ անհայտ ալկոհոլից թունավորման հետևանքով մահացել է ինը արմավիրցի, ևս մի քանիսը հոսպիտալացվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Արմավիրում տնային օղուց մահացածներից երկուսը Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներ էին։ Տեղեկությունը, ցավակցության հետ զուգահեռ, Facebook-ում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

Նման բան 1-ին անգամ է պատահում. ինչու բժիշկներին չհաջողվեց փրկել խմիչքից թունավորվածներին

«Մահացածներից երկուսը մեր գործընկերներն էին՝ աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում: Ցավակցում եմ ալկոհոլային թունավորման զոհ դարձած մեր համաքաղաքացիների ընտանիքներին, հարազատներին, բոլորիս», - գրել է Խուդաթյանը։

Ընդհանուր առմամբ անհայտ ալկոհոլից թունավորման հետևանքով մահացել է ինը արմավիրցի, ևս մի քանիսը հոսպիտալացվել են։ Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի: Օղիների արտադրությամբ և վաճառքով զբաղվել է արմավիրցի 50-ամյա Աշոտ Հովսեփյանը։ Նա այժմ ձերբակալված է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել սուր թունավորման մասին։ Թունավորումից ընդհանուր առմամբ Արմավիրում և Երևանում 11 մարդ է մահացել։ Քննիչները տեխնիկական սպիրտ են հայտնաբերել, որը գնորդներին վաճառել են սովորական օղու փոխարեն։

Առողջապահության նախարարության տվյալներով` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, որից 11-ը՝ մահվան ելքով:

«Մահացու օղուց» ևս 200 լիտր է հայտնաբերվել Արմավիրում. տեսանյութ

23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:

Մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում (3-ը՝ մահվան ելքով): Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ: