Օձի պորտ. 40 միլիոն տարեկան հսկա վիշապը և ժամանակի հողմերից ծակծկված, բայց կանգուն հավատքը

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը «Հայաստանի թաքնված գեղեցկությունը» նախագծի շրջանակում գարնան սկզբին այցելել էր Օձի պորտ, բայց կորոնավիրուսի համավարակի ու արտակարգ դրության պատճառով հաղորդումը ստիպված ենք մեր ընթերցողներին ներկայացնել միայն ամիսներ անց։
Sputnik

Լոռու մարզում, Երևանից 170 կմ հեռու բնության մի հուշարձան կա` Օձի պորտը։ Դեռ տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օձի պորտը հայտարարեց տարվա ամենաայցելվող վայր, բայց կորոնավիրուսը խափանեց բոլոր ծրագրերը։

Արի զբոսնենք Հայաստանով. էստի համեցեք` տեսնելու «հայկական Թաիլանդն» ու գործած հեքիաթները

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց 10 օր առաջ` մարտի 7-ին, Լոռու մարզ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ լսեց Օձի պորտ կոչվող բնության հուշարձանի մասին ու 2020թ–ը հայտարարեց «Օձի պորտից ջուր խմելու տարի»։

Sputnik Արմենիան թերևս այն եզակիներից էր, որ անսաց վարչապետի կոչին ու այցելեց Լոռի։ Բայց հայտնի պատճառներով մեր ուղևորությունը ստիպված ենք ընթերցողներին ներկայացնել կես տարի ուշացմամբ։

Թղիթ ամրոց, Ծաղկեվանք մատուռ. Ծաղկունյաց լեռներում թաքնված պատմական անցյալի անխոս վկաները

Լոռին մեզ դիմավորեց մշուշապատ բնապատկերներով, ինչն էլ ավելի խորհրդավոր ու տեսարժան էր դարձնում մեր ուղևորությունը։ Օձի պորտի մասին հուշող որևէ ցուցանակ ճանապարհին մենք այդպես էլ չգտանք ու ստիպված էինք ճանապարհը հարցնել Օձուն համայնքի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին, որ մեծահոգաբար առաջարկեց ուղեկցել մեզ ու ճանապարհին մեր առջև բացեց Օձունի բնական ու հոգևոր բոլոր գաղտնիքներն ու գեղեցկությունը։

Տեսանք, թե ինչպես են ժամանակի հողմերը ծակծկել Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու` 1 մետր հաստությամբ պատը, ինչպես են քրիստոնեություն ընդունած մեր նախնիները եկեղեցի կառուցել ժայռերի վրա` իրենց նախնիների բնակատեղի քարանձավների մեջ, ու ի վերջո նաև համտեսեցինք քարե հսկա վիշապի պորտից բխող սառնորակ ջուրը։

Արի զբոսնենք Հայաստանով. ինչեր են թաքնված Հովքի անանուն լճի հատակում

Տեր Վրթանեսի ներկայացրած ավանդույթի համաձայն` 300 մետրանոց ժայռի վրա 100 մետրանոց օձին քարացրել է Հովհան Օձնեցի կաթողիկոսը` խաչաձև գավազանով հարվածելով վիշապի գլխին ու ասելով. «Օձ էիր, քար դառնաս, պորտիցդ ջուր բխի, ջուրն էլ դեղ լինի»։

Երկրաբանների ուսումնասիրությունների համաձայն` քարե վիշապը 40 միլիոն տարեկան է։

Արդվի գյուղից դեպի արևելք ճանապարհի աջ կողմում 300 մետր բարձրությամբ ժայռի գրեթե կենտրոնում կարծես մուգ կարմիր ներկով հսկա օձ լինի պատկերված, որի միջից ջուր է բխում։

Օձի երկարությունը 100 մետր է, լայնությունը` 1 մետր, պորտից հոսող ջուրն էլ` բուժիչ։

«Հայաստանի թաքնված գեղեցկությունը» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանի բնության այն գեղատեսիլ վայրերը, որոնք անմատչելի կամ չճանաչված լինելու պատճառով թաքնված են մնում հանրության աչքից։

Հաղորդաշարի նկարահանող խումբն այցելում է հայաստանյան բնության հատուկ պահպանվող տարածքներ` իր ռեպորտաժներում բացահայտելով Հայաստանի բնության թաքնված գեղեցկությունը։

Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Արագածի փեշերից թափվող հուշարձանը