Մահացել է Գեորգի Մինասյանը

Մեծ վարպետն իր կյանքի ընթացքում հայկական ծիրանափողի կախարդական հնչյուններով գերել է ոչ միայն հայ, այլև օտարազգի հանդիսատեսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, դուդուկահար Գեորգի Վարդանի Մինասյանը (Մինասովը): Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ Մշակույթի մանկապատանեկան կենտրոնը։

«Մեծ վարպետն իր ողջ կյանքի ընթացքում հավատարիմ է եղել իր առաքելությանը և հայկական ծիրանափողի կախարդական հնչյուններով գերել ոչ միայն հայ, այլև օտարազգի հանդիսատեսին ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Սիրիայում, ԱՄԷ -ում Լիբանանում, Իրաքում և այլուր: Գեորգի Վարդանի Մինասովը նաև արտոնագրված գյուտարար էր, դուդուկի երեք նոր մոդիֆիկացիաների՝ բաս-դուդուկի, տենոր-դուդուկի և բարիտոն-դուդուկի հեղինակը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ինչու Ջիվան Գասպարյանին ոչ ոքի հետ չես շփոթի

Մինասյանը հիմնել էր իր տեսակի մեջ աշխարհում եզակի «Դուդուկներ» համույթը, որի դիրիժորը նրա դուստր Տատյանա Մինասյանն էր:

Մշակույթի նվիրյալը նաև մանկավարժ էր, որի ստեղծագործական լսարանում են կրթվել այսօր արդեն համաշխարհային բեմերում հանդես եկող անվանի վարպետները:

Դուդուկի ոսկե հնչյունները

ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի ողջ անձնակազմի ու սաների անունից ցավակցում է Տատյանա Մինասյանին և վարպետի բոլոր հարզատներին, նրա արվեստի երկրպագուներին ու աշակերտներին մեծ հայի, արվեստի նվիրյալի ու բացառիկ ուսուցչի կորստի կապակցությամբ:

Շահինյան եղբայրներ. Դուդուկն աշխարհի նվագարան է, դրա հնչյունները խոսում են մարդու հետ